Սոմալիի հարավում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Սոմալիում Աֆրիկյան միության խաղաղապահ առաքելության առնվազն յոթ անդամ է զոհվել, հայտնում է Somali Guardian լրատվական կայքը:

Կայքի փոխանցմամբ՝ ինքնաշեն ռումբը պայթել է այն ժամանակ, երբ խաղաղապահների շարասյունն անցնում էր Մահադայ քաղաքի Միջին Շաբելե հատվածով: Պայթյունի հետեւանքով զոհվել է յոթ զինծառայող,  ոչնչացվել է մեկ զրահափոխադրիչ: Իշխանությունները հարձակման մեջ մեղադրել են «Ալ-Շաբաբ» խմբավորմանը: 

«Ալ-Շաբաբ»-ը ձեւավորվել է Սոմալիում 2004 թվականին: 2008 թվականից ի վեր խմբավորման գրոհայինները պարբերաբար ահաբեկչական գործողություններ են կատարում: 2012-ի փետրվարին «Ալ-Շաբաբի» առաջնորդներից մեկը հայտարարեց գրոհայինների՝ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը միանալու մասին: Խմբավորման շարքերում կա 7000 գրոհային: