Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը կրկին հետաձգեց Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը` նշանակելով  դատաբժշկական փորձաքննություն:

Դատավոր Վահե Միսակյանը հայտնեց, որ դատաբժշկական  փորձաքննության արդյունքները ստանալուց հետո նոր կքննարկի գրավով  ազատ արձակելու մասին միջնորդությունը:

Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի` թե ինչ հիվանդություններ ունի Արմեն Չարչյանը եւ ինչ բուժում է նրան անհրաժեշտ եւ արդյոք դրանք համապատասխանում են կալանքի հետ անհամապատասխանելի հիվանդությունների շարքին:

Հաջորդ դատական  նիստը նշանակվեց հոկտեմբերի 13-ին:

Նշենք, որ Չարչյանի պաշտպանները որպես գրավի չափ նշել են 20 միլիոն ՀՀ դրամը։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Մեկ օր անց Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Հավելենք, որ Արմեն Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, եւ այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ: