ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Ջորջիայում կողմնակիցների առջեւ, որտեղ մեղադրել է Ջո Բայդենի վարչակազմին Հայիթիից միգրանտների հոսքի պատճառով երկիրը ոչնչացնելու մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ինչ-որ մեկն իսկապես կործանում է մեր երկիրը, ոչնչացնում այն: Տեխաս նահանգի Դել Ռիոյում դուք տեսնում եք տասնյակ հազարավոր անօրինական միգրանտներ, որոնք լցվել են մեր սահմաններում վերջին օրերին»,-ասել է Թրամփը:

Նա հավելել է, որ միգրանտները ծիծաղում են ԱՄՆ սահմանամերձ ոստիկանության գործակալների դեմքին:

Նրա կողմնակիցներն ի պատասխան բղավել են երկրի սահմաններին պատեր կառուցելու անհրաժեշտության մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն արտաքսում է հազարավոր միգրանտներ Հայիթիից:

Դոնալդ Թրամփը հայտարարել էր Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մասին 2015 թվականին՝ նախագահական ընտրություններին ընդառաջ նախընտրական արշավի ժամանակ: Ըստ նրա՝ պատը պետք է պաշտպաներ ԱՄՆ-ն անօրինական միգրանտների ներթափանցումից: 1,1 հազար կմ երկարությամբ պատի կառուցումն արժեցել է պետական բյուջեից 21 մլրդ դոլար:

Նրա իրավահաջորդ Ջո Բայդենը դադարեցրել է պատի շինարարական աշխատանքները «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությունը չեղարկելու շրջանակում: Արդյունքում Մեքսիկայից ԱՄՆ է ներթափանցել փախստականների մեծ հոսք: Միայն 2021 թվականի մարտին այդ երկրի հետ սահմանին բերման է ենթարկվել շուրջ 100 հազար անօրինական միգրանտ: Դա դարձել է ռեկորդային ցուցանիշ վերջին 15 տարվա ընթացքում: