Ամենատարեց սպիտակ արջը, որն ապրում էր հյուսիսամերիկյան կենդանաբանական այգիներում, քնեցվել է 36 տարեկան հասակում ԱՄՆ-ում: Այդ մասին ասվում է Վիսկոնսին նահանգի Միլուոկի շրջանի կենդանաբանական այգու հայտարարության մեջ, որը տեղադրվել է շաբաթ այգու ֆեյսբուքյան էջում:

«Մեծ ցավով հայտնում ենք, որ Ձյունաճերմակ Լիլին՝ մեր սիրելի սպիտակ արջը, մարդասիրական սկզբունքների հիման վրա քնեցվել է երեկ՝ սեպտեմբերի 24-ին, առողջության վատթարացման պատճառով,-նշված է հրապարակման մեջ:-36-ամյա Ձյունաճերմակ Լիլին եղել է ամենատարեց սպիտակ արջը, որը պահվել է Հյուսիսային Ամերիկայի այգիներում»:

Ինչպես պարզաբանել է CNN հեռուստաալիքը, ԱՄՆ կենդանաբանական այգիների եւ ակվարիումների ասոցիացիայի տվյալներով՝ մասնագետների հսկողության տակ ապրող սպիտակ արջերի կյանքի միջին տեւողությունը կազմում է 23,4 տարի: Polar Bears International սպիտակ արջերի պահպանման հասարակական կազմակերպության հաշվարկով՝ վայրի բնության գրկում այդ տեսակն ապրում է միջինում 15-18 տարի, հավելել է հեռուստաալիքը: