Ֆրանսիան երկու անգամ ավելի շատ պատվաստանյութ կփոխանցի աղքատ երկրներին, քան խոստացել էր ավելի վաղ: Այդ մասին շաբաթ հայտնել է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահ Էմանուել Մակրոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գործակալության տվյալներով՝ Ֆրանսիան ընդհանուր առմամբ կփոխանցի 120 միլիոն դեղաչափ, ինչը երկու անգամ գերազանցում է խոստացված քանակությունը: «Անարդարությունը կայանում է նրանում, որ մյուս մայրցամաքներում պատվաստումների տեմպերը շատ ցածր են,-գործակալությունը մեջբերում է Մակրոնի խոսքերը, որը դիմել է բարեգործական համերգի մասնակիցներին:-Աֆրիկայում պատվաստված է բնակչության ընդամենը 3 տոկոսը»: «Ֆրանսիան պարտավորվում է կրկնապատկել պատվաստանյութերի թիվը»,-հավելել է նա: