Չիլիում տեղաբնակները, ի նշան բողոքի, այրել են վրանները, որոնցում բնակվել են Վենեսուելայից անօրինական միգրանտները, հաղորդում է BioBio ռադիոկայանը:

Շաբաթ՝ սեպտեմբերի 25-ին, Իկիկե քաղաքի բնակիչները, որոնք մասնակցել են անօրինական միգրացիայի դեմ քայլերթին, այրել են Վենեսուելայից անօրինական միգրանտների վրաններն ու իրերը: Նշվում է, որ դեպքի հետեւանքով տուժածներ չկան, սակայն որոշ մարդիկ հրդեհի հետեւանքով կորցրել են իրենց փաստաթղթերը:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ցույցն անցկացվել է հաջորդ օրը, երբ Իկիկեի ոստիկանությունը ցրել է քաղաքի կենտրոնում միգրանտների վրանային ճամբարը, որը գործում էր մի քանի ամիս: Այդկերպ ցուցարարները պահանջել են լուծել միգրացիոն ճգնաժամը, որի հետ բախվել է քաղաքը: Վերջին ամիսներին գրանցվել է Վենեսուելայից անօրինական միգրանտների կտրուկ աճ, որոնք հատում են երկրի սահմանը Բոլիվիայի եւ Պերուի տարածքից: