Աֆղանստանում «Թալիբան» շարժման կողմից ձեւավորված կառավարության փոխնախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աբդուլ Գանի Բարադարը հայտարարել է, որ Տաջիկստանը միջամտում է երկրի ներքին գործերին:

«Տաջիկստանը միջամտում է մեր գործերին, յուրաքանչյուր գործողության դեպքում կա հակազդում»,-ասել է նա Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Օգոստոսի սկզբում թալիբներն ակտիվացրել էին Աֆղանստանի կառավարական ուժերի վրա հարձակումը, օգոստոսի 15-ին ներխուժել Քաբուլ եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն ավարտված է: Օգոստոսի վերջին երկու շաբաթների ընթացքում Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ամերիկացի զինվորականների հսկողության ներքո, ընթացել է Արեւմտյան երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների զանգվածային տարհանումը: Օգոստոսի 31-ի լույս գիշերը ամերիկացի զինվորականները հեռացել են Քաբուլի օդանավակայանից՝ վերջ դնելով Աֆղանստանում ԱՄՆ-ի շուրջ 20-ամյա ներկայությանը: Սեպտեմբերի սկզբում հայտարարվել էր Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը, որը գլխավորել է Մոհամադ Հասան Ահունդը, որը զբաղեցնում էր ԱԳ նախարարի պաշտոնը «Թալիբանի» առաջին կառավարման ժամանակ եւ գտնվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ազդեցության ներքով 2001 թվականից ի վեր: