Եվրոպայում էլեկտրաէներգիայի գնաճը կապված է ինչպես գազի գնաճի, այնպես էլ կանաչ էներգետիկային անցում կատարելու հետ, համարում է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թյերի Բրենթոնը, հաղորդում է RTL ռադիոն:

«Ես կարծում եմ, որ էներգետիկայի ոլորտում լարված իրավիճակը կարող է տեւել մինչեւ ձմեռ: Եւ դա ունի մի քանի պատճառ»,-ասել է Բրենթոնը:

Նրա խոսքով՝ դա կապված է ինչպես կորոնավիրուսի համավարակի ճգնաժամի հետ, այնպես էլ նավթային եւ գազային հորերի փակման հետ, որոնք հանգեցրել են էներգակիրների շուկայում պահանջարկի կրճատմանը: «Մենք ունենք շատ վերականգնվող էլեկտրաէներգիայի աղբյուրներ, սակայն ես տեղեկացել եմ, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում Եվրոպայում քամի չի եղել: Արտադրվել է շատ ավելի քիչ էներգիա, քան ակնկալվում էր»,-հավելել է նա:

Եւս մեկ պատճառն, ըստ Բրենթոնի, թաքնված է աշխարհաքաղաքական լարվածության եւ ռուսական գազից որոշ երկրների, այդ թվում՝ Գերմանիայի չափազանց կախվածության հիմքում:

Ավելի վաղ ԳԴՀ էկոնոմյիկայի նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանն ամբողջովին կատարում է իր պայմանագրային պարտավորությունները գազի մատակարարման գործում, իսկ վառելիքի գնաճը կապված է տարբեր գործոնների, այդ թվում՝ Սիբիրում հրդեհների հետ:

Գնի վրա ազդեցություն գործադրող գործոններից է նաեւ Ասիայում գազի շուկայում իրավիճակը, եղանակը Եվրոպայում եւ «Հյուսիսային հոսք-2»ի գործարկման ժամկետները՝ համաձայն ՏԱՍՍ-ի կողմից հարցմանը մասնակցած փորձագետների: