Space Adventures ընկերությունը, որը զարգացնում է տիեզերական զբոսաշրջությունը ռուսական «Սոյուզներով», պատրաստվում է առաջարկել հաճախորդներին թռիչք Լուսնի շուրջ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանում ընկերության ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Կոստենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Գուցե անցում կատարենք Լուսնի շուրջ թռիչքին: Դեռեւս մտածում ենք դրա շուրջ: Ցանկանում ենք շուկա դուրս գալ լիովին պատրաստ վիճակում»,-ասել է Կոստենկոն:

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ դա բարդ հարց է, որը պահանջում է տիեզերանավերի կառուցման շուրջ լրացուցիչ աշխատանք, այդ թվում՝ կապի համակարգերի, ջերմային պաշտպանության ուղղությամբ:

Ընդ որում՝ Կոստենկոն դժվարացել է պատասխանել հարցին՝ կհաջողվի՞ արդյոք առաջ անցնել Իլոն Մասկից, որը նույնպես ծրագրում է զբոսաշրջիկներին Լուսնի շուրջ թռիչքի ուղարկել:

2001-2009 թվականներին Space Adventures Inc ընկերության հետ պայմանագրի շրջանակում ՄՏԿ-ի ռուսական հատվածում իրականացվել է ութ կարճաժամկետ թռիչք: Կայան են ժամանել ամերիկացի Դենիս Տիտոն (2001 թվական), Գրեգ Օլսենը (2006 թվական), Անյուշե Անսարին (2006 թվական), Ռիչարդ Հերիոթը (2008 թվական) եւ Չարլզ Սիմոնին (2007 եւ 2009թթ.), բրիտանացի Մարկ Շաթլվորթը (2002 թվական) ու կանադացի Գի Լալիբերթեն (2009 թվական):