Անցյալ տարի Վարագա Սուրբ Խաչի տոնին, երբ մենք պատերազմի գույժը լսեցինք, ես խնդրում էի Տիրոջը, որ մեզ չամաչեցնի, մոռացել էի խնդրելու, որ մենք իրեն չամաչեցնենք։ Պատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը և դրանից հետո շարունակվող անկումի հետևողական ընթացքը,- երեկ Վարագա Սուրբ Խաչի տոնին Նոր Վարագավանքում քարոզի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։

Բագրատ Սրբազանը մասնավորապես նշել է. «Մենք պարտվել ենք մեր թշնամիներին և մենք հաղթելու ենք մեր թշնամիներին։ Մեզ համար պարտությունը պարտություն է, հաղթանակը՝ հաղթանակ։ Այս բառերն այլ մեկնաբանություն չունեն։

Խաղաղությունը տարբեր ճանապարհներ ունի՝ մուրացող և հաղթանակող։ Խաչի խորհուրդը մուրացող խաղաղության մասին չէ։

Հիսուս չմուրաց իրեն չսպանել, այլ ասաց – «Հայր, հեռացրու այս բաժակն ինձնից, բայց թող իմ կամքը չլինի, այլ Քո կամքը։ Ես ուզում եմ Քեզ չամաչեցնել և գնում եմ այս խաչի ճանապարհով, որի վերջնակերտը հարության հաղթանակն է»։

Մենք ուզում ենք խաչի ճանապարհով գնալ, բայց թեթև, առանց մեխերի խաչի, առանց արյունի խաչի, առանց սիրո տառապանքի խաչի, առանց զոհաբերության խաչի, առանց շալակվող խաչի։

Ժամանակին մեզ՝ մարդկանց, պատրաստում էին որպես «պրոլետար»։ Մեզ ուզում էին տեսնել ԻԲՐԵՎ «պրոլետարներ»։

Այսօր մեզ ուզում են տեսնել «քաղաքացիներ»։ «Քաղաքացի» կոչվածի նկարագիրն իրավունքի և պարտականության մասին է, ուրիշ ոչինչ։

Հիմա փորձում ենք պատրաստել «քաղաքացիներ», բայց ոչ երբեք «մարդ» կերտել, ոչ երբեք «հայ» կերտել, ոչ երբեք հայության գիտակցության բացարձակ արժեք եղող «քրիստոնյա հայ» կերտել, ոչ որպես «ազգ» կերտել, այլ «հասարակություն»՝ մարդկանց խումբ։

Կերտել «պրոլետար», կերտել «քաղաքացի», կերտել «հասարակություն», բայց ոչ երբեք՝ հայ մարդ՝ ազգային, հոգևոր խորը նկարագրով, ոչ երբեք՝ ազգ․ մեզ թողնել հասարակության ծիրից ներս, բայց ոչ երբեք պետության և Հայրենիքի»: