Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտադիր է վերսկսել COVID-19 համավարակի պատճառ դարձած կորոնավիրուսի ծագման հետաքննությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին։

Ինչպես նշել են նրա ներկայացուցիչները,  այս խնդրի լուծման համար այնքան էլ շատ ժամանակ չի մնացել։ ԱՀԿ-ն կհավաքի 20 հոգանոց թիմ, որի մեջ կմտնեն կենսապաշտպանության եւ լաբորատոր անվտանգության մասնագետներ, ինչպես նաեւ կենդանիների հիվանդությունների գծով փորձագետներ։

Գիտնականների նախորդ միջազգային խումբը աշխատում էր ՉԺՀ-ում հունվար-փետրվարին։ Նրանք այցելել են վիրուսաբանության Ուհանի ինստիտուտ, այդ թվում BSL-4 լաբորատորիա, որի հետ էին կապված վիրուսի արտահոսքի մասին լուրերը, հիվանդանոց, «Հուանան» ծովամթերքների շուկա, ինչպես նաեւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն։

Համաձայն ամփոփիչ զեկույցի՝ SARS-CoV-2-ը, ամենայն հավանականությամբ, մարդուն փոխանցվել է չղջիկներից այլ կենդանու միջոցով. նման պաթոգեններ հայտնաբերվել են նաեւ պանգոլինների մոտ, ինչը վկայում է միջտեսակային փոխանցման մասին։ Սակայն ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը կոչ է արել շարունակել լաբորատոր արտահոսքի վարկածը, քանի որ մասնագետները վիրուսի աղբյուրը չեն գտել։

Օգոստոսի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետականները հրապարակեցին հաշվետվություն, որում եկել էին այն եզրակացության, որ վիրուսն առաջացել է Ուհանի լաբորատորիայում։ Ընդ որում՝ նրանք հիմնվում էին բաց աղբյուրների տվյալների եւ անուղղակի վկայությունների վրա։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման չինական կենտրոնի (CDC) փորձագետները, իրենց հերթին, ենթադրել են, որ կորոնավիրուսը կարող էր սառեցված մթերքների փաթեթներով բերվել Ուհան։ Այս վարկածն են առաջադրել նաեւ ԱՀԿ աշխատանքային խմբի անդամները, բայց նրանք այն առաջնահերթ չեն համարել։