Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փաստերը գլխիվայր շրջելու իր սովորության համաձայն  ԵԱՀԿ ՄԽ-ին մեղադրել է ԼՂ-ի դեմ իր ագրեսիայի համար պայմաններ ստեղծելու մեջ։ Նա նման կարծիք է հայտնել Անադոլուին տված հարցազրույցում։

Նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անգործության է մատնված եւ չի ցանկանում լուրջ ճնշում գործադրել Երեւանի վրա՝ Ալիեւն ասել է, որ համանախագահ երկրները նախընտրում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» քաղաքականությունը: Շարունակելով մեղադրանքների շարանը՝ Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ 2018 թվականին Հայաստանում իշխանության եկած նոր ղեկավարությունը նույնպես լուրջ հարված է հասցրել բանակցային գործընթացին:  

«Նրանց անտեղի եւ անպատասխանատու հայտարարությունները փաստացի կաթվածահար են արել  բանակցային գործընթացը: Նման իրավիճակում Մինսկի խումբը պետք է ավելի դրական ու համարձակ քայլեր աներ, բայց նրանք պարզապես հետեւում էին: Նրանք պարզապես հանդիսատեսի դիրք զբաղեցրեցին: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի բռնկման ամենամեծ պատասխանատուն, իհարկե, Հայաստանն է»,-ասել է նա։

«Ցավոք, հետագա շրջանը նույնպես ցույց տվեց, որ Մինսկի խումբը մտադիր չէ լուծել այս հարցը: Եվ մենք եւս մեկ անգամ համոզվեցինք դրանում 44-օրյա պատերազմի ժամանակ: Բացարձակ անարդար էր ՄԱԿ-ում մեր դեմ պատժամիջոցների հարցը բարձրացնելը պատերազմի ընթացքում, երբ մենք վերականգնում էինք միջազգային իրավունքի ազդեցությունը մեր հողերի վրա եւ պատերազմ էինք մղում հանուն արդարության։ Այսօր՝  չնայած այն բանին, որ մեկ տարի է անցել, նրանց կողմից առաջարկություններ չկան։ Ես նորից եմ ուզում ասել, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք որեւէ առաջարկ չենք ստացել Մինսկի խմբից: Եվ քանի որ նախաձեռնություններ չկան, անտեղի է խոսել Մինսկի խմբի գործունեության մասին: Անցել է մեկ տարի: Ի՞նչ եք առաջարկում։ Դուք ասում եք, որ խնդիրը լուծման կարիք ունի: Ես Ադրբեջանի անունից հայտարարում եմ, որ հակամարտությունը լուծված է»,-հավելել է Ալիեւը։