Պալմա կղզում (Կանարյան կղզիներ, Իսպանիա) վերսկսվել է հրաբուխի ժայթքումը, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Կանարի հրաբխագիտության ինստիտուտը:

Երկուշաբթի ավելի վաղ ինստիտուտը հայտնել էր, որ հրաբխի ժայթքումը դադարել է, սակայն փորձագետները դժվարացել են ասել` դադարը վերջնական է, թե ժամանակավոր:

Twitter-ի վերջին հրապարակման մեջ ինստիտուտը ժայթքող հրաբխի լուսանկարներ է տեղադրել: «Լուսանկաները մի քանի րոպե առաջ ժայթքած հրաբխինն են», - ասվում է հաղորդագրության մեջ:

Կիրակի երեկոյան լավան գտնվում էր օվկիանոսից 1.6 կիլոմետր հեռավորության վրա:

Կանարյան Պալմա կղզում հրաբխի ժայթքումը սկսվել է սեպտեմբերի 19-ին: Այս ընթացքում, ըստ փորձագետների, լավան ծածկել է ավելի քան 200 հա հող, ավելի քան 450 շինություն, որոնց մեծ մասը՝ բնակելի շենքեր, ամբողջությամբ ավերվել են: Ավելի քան վեց հազար մարդ տարհանվել է: Կանարյան կղզիների հրաբխագիտության ինստիտուտի կանխատեսումների համաձայն՝ ժայթքումը կարող է տեւել 24-84 օր: