Բեյրութի նավահանգստում պայթյունի գործով հետաքննությունը դադարեցվել է դատավոր Թարեկ Բիթարի դեմ հարուցված գործի պատճառով, հայտնել է լիբանանյան OTV հեռուստաընկերությունը:

Հաղորդվում է, որ Բիթարը տեղեկացվել է, որ Լիբանանի ներքին գործերի նախկին նախարար Նոհադ ալ-Մաշնուկը, որին նա փորձել է կանչել հարցաքննության, պատասխան հայց է ներկայացրել դատավորի դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինչպես հաղորդել է An-Nahar թերթը, հետաքննությունը դադարեցվել է այնքան ժամանակ, քանի դեռ վերաքննիչ դատարանը որոշում չի կայացրել հայցի վերաբերյալ:

2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցավ հզոր պայթյուն: Հարյուրավոր տներ եւ մեքենաներ ավերվեցին կամ վնասվեցին, որոշ շենքեր ամբողջությամբ ավերվեցին: Ըստ իշխանությունների՝ պատճառը 2014 թվականին մաքսատան կողմից առգրավված եւ պահեստում պահված 2750 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունն էր: Առնվազն 280 մարդ է մահացել, ավելի քան 6 հազարը՝ վիրավորվել: Լիբանանի մայրաքաղաքը հայտարարվել է աղետի գոտի:

Մինչ օրս հետաքննությանը չի հաջողվել պարզել ողբերգության բոլոր հանգամանքները եւ բացահայտել հանցագործներին: Միեւնույն ժամանակ, իրավասու մարմինները չեն բացառում, որ ողբերգությունը տեղի է ունեցել կանխամտածված պայթյունի, այլ ոչ թե անփութության հետեւանքով, ինչպես հաստատվել է պաշտոնական նախնական վարկածով: