Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:

Նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանը մեծապես կարևորում է Կիպրոսի հետ ընդհանուր քաղաքակրթական արժեքների, դարավոր բարեկամության և փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերությունները։ Համոզված եմ, որ առկա է երկկողմ կապերի ամրապնդման հսկայական ներուժ, որը համատեղ ջանքերով կհամալրվի նոր գաղափարներով ու նախաձեռնություններով։

Լիահույս եմ, որ Հայաստանի և Կիպրոսի միջև ռազմավարական գործընկերությունն ու փոխըմբռնումը այսուհետ ևս կընդլայնվեն և կխորանան՝ ի շահ մեր ժողովուրդների: Հայ-կիպրական փոխգործակցությանը մեծապես նպաստում են նաև Կիպրոսում բնակվող մեր հայրենակիցները, որոնք իրենց ներդրումն ունեն Կիպրոսի սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում, ինչպես նաև անգնահատելի ավանդ՝ երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և զարգացման գործում»:

Արմեն Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության 30-ամյակի առթիվ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես նշվում է. «Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ Թուրքմենստանը շարունակելու է առաջընթացի և բարգավաճման իր ուղին: Հայաստանի և Թուրքմենստանի ժողովուրդների դարավոր կապերը և բարեկամության ջերմ ավանդույթները հաստատուն հիմք են մեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և առկա ներուժի լիարժեք իրացման համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը»: