Իսրայելը թույլ չի տա Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում, հայտնել է Times of Israel-ը:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Իրանը մեծ առաջընթաց է կատարել... Իրանական միջուկային ծրագիրը գտնվում է կրիտիկական կետում: Բոլոր կարմիր գծերը հատված են: Իրանը խախտում է ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների մասին պայմանագրերը: Անտեսվում են այն ապացույցները, որոնք հստակորեն հաստատում են գաղտնի օբյեկտներում միջուկային զենքի տեղակայման Իրանի մտադրությունները:

Իրանի միջուկային ծրագիրը բեկումնային պահ դարձավ, ինչպես եւ մեր համբերությունը: Ոմանք Իրանի՝ միջուկային զենքի ստեղծման ձգտումը համարում են անխուսափելի իրողություն կամ պարզապես հոգնել են դրա մասին լսելուց: Իսրայելը նման արտոնություն չունի: Մենք չենք հոգնի: Մենք թույլ չենք տա, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի», - ասել է Բենեթը՝ հավելելով, որ «Իրանը շատ ավելի թույլ եւ խոցելի է, քան թվում է»: