Ադրբեջանի համար հայ գերիները լրացուցիչ լծակ են քաղաքական նպատակներին հասնելու համար: Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտնել է NEWS.am«TALK TIME» հաղորդման հյուր փաստաբան Սիրանուշ Սահակյանը, որը ներկայացնում է հայ ռազմագերիների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):

Նրա խոսքով՝ հայ գերիների վերադարձնելու խնդրի լիարժեք լուծումը կապված է քաղաքական խնդիրների հետ: «Գերիների՝ ականապատ դաշտերի քարտեզներով փոխանակման օրինակով, Ալիեւի եւ Էրդողանի կնոջ խոսակցության օրինակով ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանում հայերը որպես պատանդ են պահվում: Քանի որ կան չլուծված քաղաքական խնդիրներ, ադրբեջանական կողմը ձգձգում է նրանց հայրենադարձությունը, քանի դեռ քաղաքական օրակարգը չի սպառվել: Իսկ այն չի սպառվել, քանի որ կան սահմանների, սահմանազատման, Ղարաբաղի կարգավիճակի եւ այլ հարցեր», - նշեց նա:

Սահակյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները միջազգային հարթակներից Ադրբեջանի հասցեին լուրջ մեղադրանքներ առաջ չեն քաշում. «Սա, ըստ երեւույթին, արվում է՝ չխաթարելու համար հարցերի լուծման քաղաքական ձեւաչափը, որում ներգրավված են նաեւ երրորդ երկրներ», - ավելացրեց փաստաբանը: