ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ջոն Հաուելին (Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն) ԼՂ հակամարտության համատեքստում բացառապես հետաքրքրում է ականազերծման խնդիրը:

ԵԽԽՎ նիստի ժամանակ նա հայտարարել է, որ չի պատրաստվում անդրադառնալ փաստարկներին, թե ով ինչի համար է պատասխանատու եւ ով է սանձազերծել հակամարտությունը: «Մենք պետք է դիտարկենք կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի խնդիրները, եւ թե ինչ սարսափելի հետեւանքներ է ունենում պատերազմը շրջակա միջավայրի, մարդկանց եւ բնության վրա: Հետեւաբար, առաջնայինը հակահետեւակային ականների խնդիրն է եւ հետեւանքները, որոնք առաջացնում է չպայթած զինամթերքը: Մենք ականատես ենք լինում, որ աշխարհում բազմաթիվ հակամարտությունները հանգեցրել են մի իրավիճակի, երբ մաքրման համար տարիների աշխատանք է հարկավոր, հետեւաբար, պետք է հայցենք բոլորի աջակցությունը», - հայտարարել է պատգամավորը: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան բարիդրացիական հարաբերություններ հաստատել եւ պահպանել մշակութային ժառանգությունը:  

Նշենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին չէր թույլատրել լքել երկիրը՝ մասնակցելու նստաշրջանին և խմբակցության մյուս պատգամավորները՝ ի նշան համերաշխության նույնպես չեն մեկնել։ Արդյունքում Ստրասբուրգ են մեկնել միայն իշխող քաղաքական ուժի պատգամավորները։