Սիրիան մտադիր է ամբողջությամբ վերականգնել ազգային ինքնիշխանությունը եւ անօրինական է համարում իր տարածքում ցանկացած օտարերկրյա զորքի առկայությունը, ինչը համաձայնեցված չէ հանրապետության կառավարության հետ: Այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճում, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Թուրքիան եւ ԱՄՆ-ն «կեղծ պատրվակներ են օգտագործում իրենց ռազմական ներկայությունը Սիրիայի հողի վրա շարունակելու եւ նրա բնական պաշարները թալանելու համար, ինչը հակասում է միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին»:

«Սա պետք է ավարտվի, եւ մենք պահանջում ենք, որ Թուրքիան եւ Միացյալ Նահանգները դուրս բերեն զորքերը Սիրիայից առանց որեւէ նախապայմանի», - ընդգծել է Միկդադը: Նա միաժամանակ նշել է, որ Դամասկոսը «իրեն իրավունք է վերապահում բոլոր օրինական միջոցներով հասնել այդ նպատակին»:

Սիրիայի ԱԳ ղեկավարը Թուրքիային մեղադրել է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում դեէսկալացիայի գոտի ստեղծելու մասին համաձայնագրից բխող պարտավորությունները չկատարելու մեջ: «Արդյունքում Իդլիբ նահանգը դարձել է այնտեղ ներթափանցած օտարերկրյա ահաբեկիչների ինկուբատոր», - ասել է նա: Նախարարի խոսքով՝ «այս իրավիճակը չի կարող անվերջ շարունակվել, եւ Սիրիան վճռական է իր տարածքում ահաբեկչական խմբավորումների ոչնչացումը ավարտին հասցնելու գործում»: