Լեհաստանի դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել սպանության հրահրման եւ դրան հաջորդած մարդակերության մեջ եւ դատապարտել 25 տարվա ազատազրկման, հայտնել է AP-ն:

Զոհի մարմինը չի հայտնաբերվել, իսկ ինքնությունը անհայտ է: Սակայն Լեհաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Շչեցինի դատարանը հաստատել է ամբաստանյալներից մեկի ցուցմունքը եւ նրանց հեռախոսային խոսակցությունները, որոնք գաղտնալսվել են քննիչների կողմից:

Դատարանը հայտարարել է, որ հինգ տղամարդ առեւանգել են անհայտ տղամարդուն՝ գլխավոր մեղադրյալի հետ վիճաբանությունից հետո, որը նույնականացվել է միայն որպես Ռոբերտ Մ.:

Ռոբերտ Մ.-ի դրդմամբ՝ տղամարդկանցից մեկը սպանել է նրան, իսկ հետո հինգ հոգով կերել են զոհի մարմինը:

Ռոբերտ Մ.-ն հերքում է, որ նման բան է տեղի ունեցել եւ ասել է, որ «զարմացած» է դատավճռից: Նրա փաստաբաններն ասում են, որ բողոքարկելու են:

Պատմությունը ջրի երես է դուրս եկել տարիներ անց, երբ մասնակիցներից ոմանք խմելուց հետո հրապարակայնորեն պատմել են այդ մասին:

Չորս տղամարդիկ ձերբակալվել էին 2017 թվականին, սակայն սպանության մեջ կասկածվողը մահացել էր ձերբակալվելուց մի քանի ամիս առաջ:

Մարմնի պղծման մեղադրանքով վաղեմության ժամկետը լրացել է, եւ երկուշաբթի դատավճիռ է կայացվել միայն Ռոբերտ Մ.-ի նկատմամբ: