Աշոտի 34–ամյակն է։ Ծննդյան մոմերը ոչ մի դեպքում չի փչի․ թող երեխաներն անեն։  Եթե Աշոտին մնար, տորթ չէր լինի, տարեդարձ՝ նույնպես։

Հյուրերը Ստեփանակերտում մնացած՝ նրա ամենամոտ հարազատներն են ու մենք։ Ես Աշոտին առաջին անգամ եմ տեսնում, Աշոտը քչախոս է, ընտանիքի անդամների հետ գրեթե չի խոսում, զրույցները հիմնականում մեզ հետ են․ առհասարակ, հատկապես վերջին շրջանում, նա մարդկանց հետ չի շփվում, տնից դուրս չի գալիս։ Ծննդյան սեղանի շուրջ Աշոտի կանաչ աչքերն ամբողջ ընթացքում մեր ուղղությամբ են, ձայնը բարձր է, խոսքն արագ ու միայն մեզ ուղղված։ Նա խոսում է պատերազմից, ավելի ճիշտ՝ միայն պատերազմից։ Հարազատներն ասում են՝ մեկ տարի է, ինչ Աշոտի համար բառերը միայն պատերազմը պատմելու համար են։ Պատմածներից ինֆորմացիա ստանալը դժվար է․ կռվի դրվագներ են, որոնք մերթընդմերթ ընդհատվում են կորցրած ընկերների մասին հիշողություններով։ Կռվել սկսել է Հադրութից, հասել Շոշ, որ հարազատ գյուղը պահի թուրքից, ու հաջողվել է։ Պատերազմից հետո Աշոտի դեմքին դաջված տխուր հայացքի ճեղքերից երբեմն կարճ ժամանակով դուրս է պրծնում երբեմնի ժպտադեմ ու դրական աուրայով երիտասարդը։

Հարազատներին հայացքով լռեցնում է, երբ հյուրերի ներկայությունից օգտվելով նրանք զգուշորեն բացում են Աշոտի «արդեն ամուսնանալու ժամանակն է» թեման։

Աշոտին նկարելու ցանկությունս մեծ է, բայց չի համաձայնում, ես էլ չեմ համառում։ Փոխարենը սիրով ուղեկցում է մեզ նկարահանումների ժամանակ՝ տեղեկանալով, որ սեպտեմբերի 27-ին ընդառաջ տեսանյութ ենք պատրաստում պատերազմից հետո մեզ մնացած Արցախի մասին։

Աշոտը հագնում է իր զինվորական վերարկուն ու գնում ենք Ամարաս։

Աշոտն անդադար խոսում է, չի համակերպվում Արցախի մեծ մասի կորստի հետ, անընդհատ կռիվ է տալիս անցյալի բաց թողնված հնարավորությունների, ղեկավարության սխալ որոշումների, չկռվածների հետ. ասում է՝ եթե կռվի դաշտից այդքան մարդ չփախչեր, միգուցե Հադրութն ու Շուշին էլ պահեինք։ Ափսոս, որ չի ուզում նկարահանեմ իրեն․․․

Ամարասի ճամփին տեղ–տեղ կանգ ենք առնում, նկարահանում անում։ Ամարասից հետո Ճարտար, ապա Մարտունի ենք գնում։ Աշոտը մեր նկարահանումների ինտենսիվությունից նեղվում է. պատերազմի մասին իր պատմությունները լսելու համար ժամանակ գրեթե չի մնում։

Ճարտարում մեկ-երկու ընտանիքի ենք հանդիպում, ամեն մեկը՝ իր չափով Աշոտ․ պատերազմը մեկի ժպիտը սառեցրել է, մյուսի հայացքի մեջ վախ ու հիասթափություն մտցրել։ Ստեփանակերտից դուրս պատերազմը դեռ մարդկանց «տներումն» է․ մեկ սահմանից եկող կրակոցների ձայնից են քնից վեր թռնում, մեկ էլ՝ այգում քամուց շարժվող թփերի ձայնից։ Ամեն պահի սպասում են, որ «թուրքը դուռը կբացի»։

Մարտունիում անծանոթ 4 հոգու՝ քաղաքում շրջելիս տեսնելուց հետո տեղացիները ոստիկանություն են կանչում․ հավանաբար կասկածելի ենք թվում։  Ոստիկանության սպային ներկայանում եմ, մեզ բարի ճանապարհ են ասում ու մութն ընկած՝ ճանապարհ ենք ընկնում Ստեփանակերտ։ Մարտունիից Ստեփանակերտ մթով վերադարձի «ամենաապահով» ճանապարհը Ննգիով է։ Վերադարձի ճանապարհին թեման հետպատերազմյան Արցախն է՝ Աշոտի թեման։

Հաջորդ օրը մեր ուղղությունը դեպի կորցրած Քարվաճառ է, որը կանգ է առնում  Չարեկտարում։ Դրանից այն կողմ ադրբեջանական պոստն է։ Գյուղում բնակվող միակ ընտանիքի պատմությունը ծանր է։ Մայրը 8 երեխաների հետ ապրում է ադրբեջանցիների դիրքի դեմ դիմաց՝ դիրքում տեղադրված ահռելի մեծության տեսանկարահանող սարքի մշտական հսկողության տակ։ Ընտանիքի երեխաները, որոնցից ամենափոքրը 4 տարեկան է, ադրբեջանցի զինվորների հետ սարի ստորոտին՝ գյուղի տարածքում գտնվող նույն աղբյուրի ջրից են օգտվում։ Մի քանի օր առաջ ադրբեջանցիները դիրքերից քարեր են շպրտել տների տանիքներին։ Տները վերանորոգող «բրիգադները» դրանից հետո դեռ գյուղում չէին երեւացել։ Առհասարակ, Չարեկտարը մոխիրների գյուղ է, որոնց վրա նոր տներ են կառուցում։ Գյուղացիները տները այրել են Քարվաճառը հանձնելու օրերին՝ ղեկավարությունից տեղեկանալով, թե Չարեկտարը նույնպես «թուրքին են տալիս»։ Հետո պարզվել էր, որ սխալմունք է եղել, գյուղը մոխրացնելու կարիք չկար․ սահմանը կանցնի Չարեկտարից կողքով։ Այժմ գյուղում ոչ ուրիշ բնակիչ կա, ոչ դպրոց, ոչ խանութ։   

Չարեկտարից վերադարձից հետո արդեն մենք ունենք Աշոտին պատմելու բան․ ափսոսում է, որ մեզ հետ չէր եկել․․․

Պատերազմից մեկ տարի անց Աշոտի հոգում դեռ պատերազմ է...

Գայանե Ալեքսանյան