ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով գլխավոր տեղակալ Դերեկ Հոգանը եւ Եվրոպայի Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոթը հանդիպել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) եւ Իգոր Խովաեւի (ՌԴ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:  

Կողմերը անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում քննարկել են 2020 թվականի նոյեմբերից ի վեր Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին համատեղ հանդիպման անցկացմանն աջակցությունը: Նրանք նշել են, որ սեպտեմբերի 27-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման տարելիցն է եւ ցավակցություն են հայտնել երկու կողմերի կրած կորուստների կապակցությամբ: Ընդգծել են, որ միայն համապարփակ լուծումը, որով կդիտարկվեն բոլոր չլուծված խնդիրները, կարող է կարգավորել երկու երկրների հարաբերությունները եւ թույլ տալ տարածաշրջանի ժողովուրդներին միասին խաղաղ ապրել, հաղորդել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:

Հոգանն ու Սլոթը ողջունել են «համանախագահների ջանքերը եւ Հայաստանի ու Ադրբեջանի՝ խաղաղության գործընթացը ուղիղ երկխոսության միջոցով վերսկսելու վճռականությունը, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ բարգավաճման խթանմանը»: Նրանք հայտարարել են Միացյալ Նահանգների հանձնառության մասին՝ «շարունակել աշխատել այլ համանախագահ երկրների հետ՝ օգնելու Հայաստանին եւ Ադրբեջանին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները՝ ներառյալ ձերբակալվածների, անհայտ կորածների եւ մարդասիրական ականազերծման հետ կապված խնդիրները»: