Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Երևանի տարբեր գերեզմանոցներում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 01:15-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ  «որովայնի աջ կողմնային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ  շտապօգնության բժիշկների թիվ 55 խումբը Նոր Նորք վարչական շրջանից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: 

Բժիշկները հայտնել են, որ  վիրավորը ի վիճակի չէ տվյալ պահին բացատրություն տալու:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Էրեբունու ոստիկանները պարզել են, որ  նա Երևանի բնակիչ, 48-ամյա Ռաֆիկ Մ.-ն է, ով դանակահարվել է դեռևս անհայտ անձի կողմից՝ Վարդաշենի գերեզմանների մոտ: 

Նույն օրը՝ ժամը 03:00-ին, Էրեբունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ  «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ «Հաղթանակ» թաղամասում ՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում ընկել է:

Մալաթիայի ոստիկանները  պարզել են, որ  վիրավորը Երևանի բնակիչ, 37-ամյա Էդգար Ն.-ն է, ով դեռևս անհայտ անձի կողմից դանակահարվել է «Հաղթանակ» թաղամասի գերեզմանատան մոտ: