Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն Jovem Pan News հեռուստաալիքի հարցազրույցում ասել է, որ երկրի՝ միջուկային զենք ունենալը ուտոպիական գաղափար է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Անգամ խոսակցությունները [միջուկային] զենքի մասին ուտոպիա են, քանի որ չկան պայմաններ դրա մշակման համար։ Իսկ ուշադրության առնելով այն, թե որքան է սպառազինված աշխարհը, դրա համար հիմքեր չկան»,- ասել է Բոլսոնարուն։

Նա նշել է, որ միջուկային զենքի օգտագործման հավանականությունը չափազանց փոքր է, այն ծառայում է որպես զսպող գործոն։

«Ամերիկացիները, ռուսները եւ չինացիները ունեն զինանոց, որը կարող է մի քանի անգամ ոչնչացնել Երկիրը։ Կարծում եմ, որ աշխարհում երբեք միջուկային պատերազմ չի լինի։ Չնայած նրանք, ովքեր ունեն [միջուկային զինանոց], բնականաբար, ունեն ճնշում գործադրելու եւ իրենց շահերն առաջ մղելու հնարավորություն»,- ասել է Բրազիլիայի նախագահը։

Բրազիլական սահմանադրության մեջ ասվում է, որ ատոմային էերգիան պետք է օգտագործվի բացառապես խաղաղ նպատակներով, ընդգծում է ՏԱՍՍ-ը։ Դա բացառում է ինչպես Հարավային Ամերիկայի ամենախոշոր երկրի կողմից միջուկային զենքի մշակումը, այնպես էլ այն ունենալը։