ՆԱՏՕ երկրորդ մշտական հակաականային խումբը (SNMCMG2) հինգ նավով մտել է Վրաստանի տարածքային ջրեր։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել են հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունում։

«Վրաստանի տարածքային ջրեր են մտել ՆԱՏՕ նավերը։ ՆԱՏՕ երկրորդ մշտական հակաականային խմբի (SNMCMG2) նավերին դիմավորել է ՆԳՆ սահմանապահ ոստիկանության ափային պահպանության դեպարտամենտը։ Խմբի կազմում Իսպանիայի ֆլագմանային նավն է, Իտալիայի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Թուրքիայի նավերը։ Ստորաբաժանման հրամանատարն է առաջին կարգի կապիտան Խավիեր Նունյես դե Պրադոն»,- ասվում է հաղորդագրությունում։

Սեւ ծովում տեղի կունենան զորավարժություններ Վրաստանի ափային պահպանության եւ ՆԱՏՕ նավերի մասնակցությամբ։ Զորավարժանքների նպատակը երկրի պաշտպանունակության ամրապնդումն է եւ համատեղելիության բարձրացումը։

Երկրորդ մշտական հակաականային խմբի այցը ի ցույց է դնում աջակցությունը Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, նշվում է հաղորդագրությունում։

Բաթումի նավահանգստում ՆԱՏՕ հակաականային խմբի անձնակազմին դիմավորեցին Աջարիայի վարչապետ Թոռնիկե Ռիջվաձեն, ՆԳՆ սահմանապահ ոստիկանության ափային պահպանության վարչության տնօրեն Ռամազ Փապիձեն, Վրաստանում Լեհաստանի դեսպան Մարիուշ Մաշկեւիչը եւ ՆԱՏՕ կապի սպա Ռուշեն Աբիդինօղլուն։ Սա ՆԱՏՕ նավերի արդեն չորրորդ այցելությունն է այս տարի։