ԱՄՆ միջազգային հարաբերությունների կոմիտեն, անհանգստացած Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի ձեռքբերումից, սպառնացել է Անկարային լրացուցիչ պատժամիջոցներով, եթե վերջինը նոր համաձայնագրեր կնքի Ռուսաստանի հետ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հարցազրույց էր տվել ամերիկյան CBS հեռուստաալիքին, որում հաստատել էր, որ Անկարան առաջիկայում մտադիր է գնել ռուսական С-400-ների եւս մեկ խմբաքանակ։ Էրդողանի խոսքով՝ այդ հարցը պետք է լուծի բացառապես Թուրքիան, ոչ մի այլ երկիր իրավունք չունի միջամտել նրա գործերին։

«Մենք որքան հնարավոր է հստակ ենք արտահայտվել՝ գրելով CAATSA օրենքը («Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցներով հակազդելու մասին» օրենք – խմբ.). պատժամիջոցներ դրվում են ցանկացած հաստատության վրա, որը խոշոր բիզնես է վարում ռուսաստանյան ռազմական կամ հետախուզական կառույցների հետ։ Թուրքիայի ցանկացած նոր գնում կհանգեցնի նոր պատժամիջոցների»,- ասվում է կոմիտեի հաղորդագրությունում, որը հրապարակվել է Թվիթերում։

Ռուսաստանը եւ Թուրքիան 2017թ. С-400-ների խմբաքանակի ձեռքբերման պայմանագիր են կնքել, ՀՕՊ համալիրների մատակարարումները թուրքական կողմին կատարվել են 2019թ. ամռանը-աշնանը։ Գործարքը ճգնաժամ է առաջացրել Թուրքիայի եւ ԱՄՆ հարաբերություններում. Վաշինգտոնը պահանջեց փոխարենը գնել ամերիկյան Patriot համալիրները՝ սպառնալով ուշացնել կամ ընդհանրապես չեղարկել Թուրքիային նորագույն F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաեւ պատժամիջոցներ մտցնել CAATSA-ին համապատասխան։

Անկարան չի պատրաստվում հրաժարվել С-400-ներից։ Ավելին, Թուրքիայի նախագահը օգոստոսի վերջին հայտարարել է, որ չի կասկածում, որ Ռուսաստանից կգնի С-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակը։ Ավելի ուշ, չնայած ԱՄՆ ճնշմանը, Էրդողանը  տեղեկացրել էր, որ գործարքը Ռուսաստանի հետ արդեն կատարվել է եւ չի վերանայվի։