Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերը մեկ օրում հասել են 852-ի՝ նախորդ օրվա 779-ի դիմաց։ Սա նոր առավելագույնն է, երեքշաբթի տեղեկացրել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։

Նախորդ առավելագույնը մեկ օրում 828 մահն էր, որը գրանցվել է սեպտեմբերի 24-ին, մինչ այդ՝ սեպտեմբերի 23-ին, համավարակի ընթացքում երկրորդ անգամ գրանցվել էր 820 մահ մեկ օրում։

Մահացել է ընդհանուր թվով 205 531 պացիենտ։

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 21 559-ով՝ 7 464 708։ Տոկոսային արտահայտմամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,29 տոկոս։

Կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 17 368-ով՝ 6 635 485։ Դուրս գրված պացիենտների թիվը, շտաբի տվյալների համաձայն, մնացել է վարակվածների ընդհանուր թվի 88,9 տոկոսի մակարդակին։