Փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաեւը եւ Լուսինե Սահակյանը կներկայացնեն նախկին փոխվարչապետ, այժմ՝ «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արմեն Գեւորգյանի շահերը դատարանում։ Այս մասին հայտնի դարձավ սեպտեմբերի 28-ի նիստում։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, սեպտեմբերի սկզբին նիստը հետաձգվել էր երեք շաբաթով։ Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դատավոր Աննա Դանիբեկյանի վարքագիծը գնահատել էր որպես համատեղ աշխատել չցանկանալու ցուցադրում եւ հայտարարել, որ հեռանում է դատավարությունից։ Սեպտեմբերի 14-ին ինքը՝ դատավորն էր վերապատրաստման դասընթացների, իսկ սեպտեմբերի 21-ն աշխատանքային օր չէր։

Փաստաբան Կոչուբաեւը այսօրվա նիստին ներկա չէր։ Փաստաբան Սահակյանը դատավորից խնդրեց նկատի ունենալ, որ մասնակցում է նաեւ այլ նիստերի (մարտի 1-ի գործով) եւ դրա համար Գեւորգյանի շահերը պաշտպանելու է բացառապես առկա մեղադրանքների շրջանակում, որպեսզի շահերի բախում չառաջանա։

Դատախազները չառարկեցին Լուսինե Սահակյանի մասնակցության դեմ։ Բայց փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ Լուսինե Սահակյանի մասնակցությունը կարող է խնդրահարույց լինել այն պատճառով, որ պարզ չէ, թե հատկապես ինչ գործ է դիտարկվում՝ այն, որ ա՞յս դատարանում է, թե՞ այն, որը Վերաքննիչ դատարանում է։ Դրանք ընթանում են նույն համարի տակ, բայց տարբեր գործեր են (մեղադրանքների ծավալը)։ Փաստաբանի գնահատականով՝ գործերի հետ կապված նման իրավիճակը կուրյոզ է։ «Մենք կցանկանայինք հստակ պատասխան ստանալ՝ սա մե՞կ գործ է, թե՞ տարբեր գործեր»,- նշեց փաստաբանը։

Արդյունքում՝ դատարանը խոչընդոտներ չտեսավ դատավարությանը Լուսինե Սահակյանի մասնակցության համար։

Արմեն Գեւորգյանի՝ դատավորի հրաժարվելու հետ կապված հայտարարություն անելու փորձը՝ թույլատրել իրեն դուրս գալ երկրից, դատավոր Դանիբեկյանը կասեցրեց՝ գրանցելով նրա առարկությունները (չթողնելով նաեւ, որ հնչեցնի)։ «Դուք շատ բարի եք»,- հեգնանքով ասաց Գեւորգյանը։ Քննարկմանը միջամտելով՝ փաստաբան Սահակյանը խնդրեց դատավորին ներկայացնել դատարանի վճռի բովանդակությունը, որը ոչ հասարակությանը, ոչ կողմերին հայտնի չէ։ «Իմ պաշտպանյալը իրավունք ունի առարկություն ներկայացնել»,- հիշեցրեց փաստաբանը։ Դատավորը մնաց իր կարծիքին։ «Խնդրում եմ լսել իմ պաշտպանյալին։ Նա ցանկանում է օգտվել իր իրավունքից, եւ չեմ կարծում, թե որեւէ մեկը կարող է զրկել նրան իրավունքներից»,- նշեց փաստաբանը։ Դատավորը կրկնեց՝ իրավունք չտալով հնչեցնել առարկությունը եւ հայտարարություն անել։ Արդյունքում՝ դատավորը խնդրեց փաստաբանին նիստին խանգարող գործողություններ չանել։ Ի պատասխան՝ փաստաբանը ենթադրեց, որ դատավորը պարզապես իրավիճակ է ստեղծում, որպեսզի Գեւորգյանի փաստաբանները հեռանան դատավարությունից։ Փաստաբանը խնդրեց դատավորին հարգել ՔԿՕ-ն եւ նիստը վարել նորմալ եւ հարգալից։ «Թե չէ տպավորություն է, որ ամեն բան արվում է, որպեսզի նիստը չշարունակվի։ Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ պաշտպանյալի իրավունքները խախտվեն»,- ասաց Սահակյանը։

Սահակյանի առարկություն ներկայացնելու փորձը նույնպես դատավորը մերժեց։ Դատավորը խոստացավ խլել փաստաբանի խոսափողը։ Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը դատավորին կոչ արեց պատժամիջոցներ կիրառել։ Դատավորը նորից զգուշացրեց փաստաբանին։

Փաստաբան Ալումյանը հիշեցրեց, որ դատավարությունը պետք է ընթանա ՔԿՕ-ին համապատասխան եւ նշեց, որ մեղադրյալը, ինչպես եւ փաստաբանը, իրավունք ունի առարկելու նախագահող դատավորի գործողություններին։ Այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտ շեղում է օրենսդրությունից, ընդգծեց փաստաբանը՝ կոչ անելով չխախտել մեղադրյալների եւ պաշտպանության իրավունքները։

Արդյունքում՝ փաստաբանի խոսափողն անջատվեց, եւ Լուսինե Սահակյանը չկարողացավ ներկայացնել առարկությունը։

Դատավորը հետաձգեց նիստը մեկ շաբաթով՝ փաստաբանին հնարավորություն տալով ծանոթանալ գործի նյութերին։