Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասում է, որ խաղաղության համաձայնագրի առաջարկություն է ուղարկել, իսկ Հայաստանը չի պատասխանել։ Կարելի է պատկերացնել, թե դրանում ինչ պայմաններ են եղել, որ անգամ պատերազմը տանուլ տված ներկայիս իշխանությունները չեն գնացել այն ստորագրելուն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ սեպտեմբերի 28-ին ասաց քաղաքագետ Թեւան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը դասեր չի քաղել պատերազմում կրած պարտությունից, ինչի վկայությունն է իշխանությունների վերարտադրությունը, որոնք երեք տարվա մեջ երկիրը հասցրել են հենց այդ պարտությանը։

Նա նշեց, որ արտագաղթը շարունակվում է, բանակը չի ուժեղացել, չեն իրականացվում միջազգային ասպարեզում ընդունված բանաձեւերը։ Բացի այդ, Հայաստանը ցույց տվեց, որ չի կարող օգտվել բանակցային ձեւաչափի հնարավորություններից։

«Նա, ով պետք է պատասխանի Ալիեւի, չի կարող կատարել այդ գործառույթը։ Իրադարձությունների զարգացման լավագույն սցենարը իշխանությունների հեռանալն է, որպեսզի արտաքին թշնամիները հնարավորություն չունենան ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Ներկայիս իշխանությունների քաղաքականության հետեւանքը դարձավ այն, որ Արցախի եւ Հայաստանի մի մասը ներկա պահին օկուպացված է։ Հայաստանը պարտության տարած իշխանությունները երկիրը տանում են նոր պարտությունների։ Եթե 2018թ. մենք խոսում էինք որակական փոփոխությունների անհրաժեշտության մասին, ապա այսօր բախվել ենք պարզունակ մարտահրավերների։ Դրանք լուծելն ավելի բարդ է, բայց առանց դրա անհնար է  առաջ շարժվել։ Այսօր պետք է լուծել ժողովրդագրության հարցը, որպեսզի չեզոքացվեն արտագաղթի հետեւանքները։ Հակառակ դեպքում անիմաստ է խոսել ապագայի մասին։ Խոսում ենք պատերազմի ընթացքում ունեցած 5 հազար զոհերի մասին։ Իսկ ի՞նչ է արվել այդ ժողովրդագրական խնդիրը լուծելու համար։ Հինգ տարվա ընթացքում պետք է անել ամեն ինչ, որպեսզի պահպանվի մեր ժողովրդի կյանքի իրավունքը Արցախում։ Դա նշանակում է թույլ չտալ նոր փաստաթղթերի ստորագրում տարածքների զիջման մասին։ Պատերազմը չի ավարտվել, թշնամին հետապնդում է Հայաստանի եւ Արցախի ոչնչացման երկարաժամկետ նպատակ։ Ալիեւն ամեն ինչ կանի, որպեսզի ազատվի հայերից Արցախում։ Եթե մենք չկարողանանք դիմակայել դրան, ապագայում կբախվենք ավելի լուրջ խնդիրների»,- ընդգծեց փորձագետը։

Թեւան Պողոսյանը նշեց, որ  Հայաստանը պետք է փոխի վարքագիծը եւ թույլ չտա միջազգային ասպարեզում իր հանդեպ երկդիմի քաղաքականություն վարել։

«Մինչեւ դու փոփոխություններ չմտցնես, ոչինչ չի փոխվի։ Մենք ինքներս պետք է օրինակ ցույց տանք, ճանաչենք Արցախը։ Երբ Ադրբեջանի նկատմամբ ընդունվեն ցավագին պատժամիջոցներ, այդ ժամանակ էլ Բաքուն կգնա բոլոր գերիներին վերադարձնելուն։ ԵԽԽՎ-ն դա անել չի կարող։ Պատժամիջոցները պետք է մտցնեն առանձին երկրներ։ Սակայն այդ նույն երկրներն ընդունել են բանաձեւ Շուշիում Ղազանչեցոց եկեղեցու անունը փոխելու մասին։ Եթե պատերազմի արդյունքները այլ լինեին, կայցելեի՞ն արդյոք այդ երկրների ներկայացուցիչները «Եռաբլուր»։  Նրանք պանթեոն այցելո՞ւմ էին քառօրյա պատերազմից հետո»,- եզրափակեց քաղաքագետը։