Դատական գործընթացը տեղի է ունենում անադեկվատության մթնոլորտում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ, ներկայումս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը՝ մեկնաբանելով այն, որ դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չի տվել իրեն մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին։

Գեւորգյանը հայտնեց, որ այսօր հայտարարություն կհրապարակի: «Խնդիրը հետեւյալն է. ԵԽԽՎ նիստը տեղի է ունենում Ստրասբուրգում սեպտեմբերի 27-ից 30-ը: Օրակարգը հագեցած է, ես կասեի` հայկական օրակարգ, Հայաստանին վերաբերող մի քանի հարցեր: Որպես պատվիրակության անդամ՝ ես պատրաստվում էի մեկնել եւ դիմել  եմ ՀՔԾ, փաստաթղթեր ներկայացրել։ Սեպտեմբերի 24-ին դատարանից մերժում եմ ստացել։ Դա բացատրվել է նրանով, որ ամսի 28-ին նիստ է տեղի ունենալու, եւ իմ ներկայությունն անհրաժեշտ է: Հաշվի առնելով ԵԽԽՎ այցի կարեւորությունը՝ ես կրկին դիմեցի դատարան, այն նույնպես մերժվեց»,-ասաց նա։

Նա  ընդգծեց, որ ԵԽԽՎ -ն միայն լիագումար նիստեր չեն․ դա պատվիրակությունների աշխատանքն է, աշխատանք քաղաքական խմբերում եւ հանձնաժողովներում: «Սա մեր պատվիրակության առաջին այցն էր: Ընդդիմության ներկայացուցիչները ներկայացված չէին դատավոր Դանիբեկյանի որոշման պատճառով»,-նշեց Գեւորգյանը։  

«Հիմա հարցը հետեւյալն է. եթե դատավորը կարող է նիստը հետաձգել իր վերապատրաստման դասերի պատճառով, ինչու չի կարող հետաձգել ԵԽԽՎ-ի պատճառով։ Պատասխանը ես գիտեմ․ գործընթացն ընթանում է անադեկվատ մթնոլորտում»,-հավելեց Գեւորգյանը։