44-օրյա պատերազմում ավագ որդուն՝ Էդմոնին կորցրած Գրիգորյանների ընտանիքն որդի է ունեցել։

«Տղաս պատերազմի ընթացքում զանգում, ասում էր՝ մամ ջան, քո սիրտն իմ հետ է, ինձ ոչինչ չի լինի։ Մտածում ես, որ երեխադ նորից է ծնվել, վերածնվել է, բայց, միևնույնն է, լիարժեք չես կարողանում ուրախանալ։ Մի քիչ ուժ գտնեմ մեջս, պահեմ, մեծացնեմ, որդուս կիսատ թողած գործը լրացնի։ Երեխաներիս մոտ շատ բան է փոխվել, իրենք սպասում էին իրենց եղբոր ծնունդին։ Գոնե այս փոքրիկով մի քիչ կսփոփվեն»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Էդմոն Գևորգյանի մայրը՝ Ակսանա Ռուբենյանը։

Ծնողները երեխային անվանկոչել են եղբոր հիշատակին՝ Էդմոն։ Փոքրիկը ծնվել է օգոստոսի 24-ին՝ եղբոր զոհվելուց տասն ամիս անց։

«Երեխան տրամադրություն փոխել է մեր մեջ, բայց, միևնույնն է, մեծ Էդմոնը մեր սրտի մի անկյունում մնացել է։ Դուրս եմ գալիս մեր հողամասը, որտեղով քայլում եմ, տղայիս է հիշեցնում ու ավելի մեծ ցավ պատճառում։ Հուսով եմ առողջություն թույլ կտա, որ երեխայիս ինքնուրույն տարիքի հասցնեմ»,- ասաց Էդմոնի հայրը՝ Թելման Գևորգյանը։

20-ամյա Էդմոն Գևորգյանը ծառայում էր Հոկտեմբերյանի զորամասում։ Պատերազմի ընթացքում նա եղել է Կուբաթլուում։ Կռվի ընթացքում Էդմոնն ամեն օր զանգում էր ծնողներին, ասում էր, որ իր հետ ամեն ինչ լավ է։ Միայն վերջին զանգերից մեկում Էդմոնն անկեղծացել էր հոր հետ։

«Ասաց՝ պապ, գիտե՞ս քանի անգամ եմ մահվանից փրկվել։ Հոկտեմբերի 21-ին մեկին եղավ մեր վերջին հեռախոսազրույցը։ Ասաց՝ առավոտյան մեր հերթափոխը գալիս է մեզ փոխելու։ Սպասեցի հաջորդ օրն առավոտյան չզանգեց, երեկոյան չզանգեց։ Զանգեցի ընկերներին, չէին պատասխանում, ի վերջո որ շատ զանգեցի, ընկերը պատասխանեց, ասաց՝ մեզ հետ չի Էդմոնը, ասացի՝ բա որտե՞ղ է՝ ասաց ճշտեմ, ասեմ։ Մի քիչ հետո իրենց զորամասի իրավաբանը զանգեց, ասաց՝ ցավում եմ, երեխան էլ չկա, ու դրանով ամեն ինչ վերջացավ մեզ մոտ»,- հիշեց Էդմոնի հայրը։

Պատերազմի ավարտից հետո ընտանիքին է այցելել Էդմոնի մարտական ընկերը և պատմել, որ Էդմոնը զոհվել է՝ իր կյանքը փրկելով։

«Ընկերը պատմում էր՝ ես վառվա, գոռացի ու վազեցի։ Էդմոնն ասաց՝ համբերիր, մի վազիր։ Եկավ, ինձ գցեց գետնին, մարմնով ինձ ծածկեց, սկսեց հանգցնել, ինձ տարավ հեռու, հետո գնաց ընկերների մոտ ու ԱԹՍ-ն հարվածեց»,- պատմեց Թելման Գևորգյանը։