Պարտության հիմնական պատճառն այն է, որ մենք կորցրել ենք մեր բարոյական ուղենիշները, եւ ամեն ինչը դրա հետեւանքն է: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար, ռազմական գործիչ Արկադի Կարապետյանը(Ագո):

«Հիմնական պատճառն այն է, որ մենք ազգային գաղափարախոսություն չունենք: Հին իշխանությունների օրոք էլ չունեինք, նոր իշխանության օրոք էլի չունենք: Նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է: Այս ամենը դրա պատճառն է:  Դուք տեխնիկական հարցերի վրա ենք կանգ առնում, բայց բանակը նախեւառաջ գաղափարախոսություն է: ԱԹՍ-ները, որ այսքան պոպուլյար են, անջատում եք կառավարման համակարգը, ինքն ընկնում է: Մարդն էլ, եթե գաղափարախոսություն չունի, պարտվում է: Նույնը պետությունն է: Մինչեւ մենք գնահատական չտանք, թե ինչ ենք ուզում, ինչ խնդիրենք լուծում, որ ճանապարհով ենք այդ խնդիրները լուծում, ոչինչ չի ստացվելու: Եթե դա չեղավ, ինչքան ուզում ես՝ ԱԹՍ բեր: Իսկ տեխնիկական հարցերը լուծելը ընդհանրապես խնդիր չի: Մենք ինչպե՞ս հաղթեցինք առաջին պատերազմում, անհամեմատ ավելի թույլ էինք, քան հիմա, բայց հաղթեցինք այդ վերելքի շնորհիվ»,-ասաց նա:

Հարցին, թե Արցախն այսօր ի՞նչ հեռանկար ունի, Կարապետյանը պատասխանեց. «Արցախը մեծ հեռանկար ունի Մեծ Հայաստանի կազմում: Այդ մեծ, միասնական Հայաստանը մենք ունենալու ենք»:

Նա ընդգծեց, որ չի հավատում խաղաղության դարաշրջան բացելու իշխանության հայտարարություններին. «Դա սուտ գաղափար է: Նույնիսկ Աստված ասել է՝ բերել եմ ոչ թե խաղաղություն, այլ սուր, վերջին շապիկդ ծախի, սուր առ: Դա չենք արել ու հիմա էս վիճակին ենք: Պետք է ազգը մաքրվի ու կմաքրվի ու լավ կլինի: Լավ կլինի պատերազմ ձեւով, որը շուտով կլինի»:

Հարցին՝ իր կարծիքով կա՞ր դիտավորյալ պարտության տանելու քաղաքականություն, Արկադի Կարապետյանը պատասխանեց. «Սպասենք գնահատականների, տարբեր հանձնաժողովների եւ ժողովրդի արձագանքին: Դուք նորից խոսքը տանում եք տեխնիկական հարցերի: 100 հատ ՍՈՒ-30 բերեք, ոչ մի հարց չի լուծելու, եթե ազգդ չի ուզում կռվել, եթե իրար չեք կարողանում ներել, եթե հայրենիքը չեք սիրում  եւ այլն: Մնացածն ինձ չի հետաքրքրում: Ձայն բազմաց, ձայն Աստծո: Հավաքական առումով ինչ ուզում ենք, դա էլ ստանում ենք: Ուզում եք պարտություն, պարտություն ստանում եք: Հաղթանակ եք ուզում, հաղթանակ եք ստանում, բայց դերա համար պետք է ջանք դնեք, զոհաբերություն անեք: Ամեն ինչ շատ էլեմենտար է»: