Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա ձու գցած երիտասարդը Լիոնի գաստրոնոմիական սրահում հոգեբուժական հետազոտություն է անցել եւ կուղարկվի հարկադրական հոսպիտալացման: Այս մասին երեքշաբթի հաղորդել է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լիոնի դատախազությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկուշաբթի 19-ամյա ուսանողը ձու էր նետել Ֆրանսիայի նախագահի վրա, երբ վերջինս շփվում էր ռեստորատորների եւ օտելյերների հետ: «Լիոն մագ» պարբերականը, որը հրապարակել էր նաեւ միջադեպի կադրերը, հավելում է, որ ձերբակալության ժամանակ երիտասարդը բղավել է «Կեցցե՜ հեղափոխությունը» կարգախոսը:

Սա առաջին դեպքը չէ, երբ Մակրոնը հարձակման է ենթարկվում այս տարի: Հունիսին, երկրի հարավ-արեւելքում գտնվող Դրոմի դեպարտամենտ այցի ընթացքում, նախքան տարածաշրջանային ընտրությունները, Մակրոնը մոտեցել էր տեղի բնակիչների խմբին՝ նրանց ողջունելու համար: Նրանցից մեկն ինչ-որ բան էր բղավել նախագահին եւ հանկարծակի հարվածել էր դեմքին: Թիկնապահները բերման էին ենթարկել հարձակվողին եւ նրա հանցակցին: