Շատ մոտ ապագայում կսկսվեն 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Հիմա ընթանում է շատ ակտիվ աշխատանքային փուլ։ Հայտարարել, որ ստեղծված է, համարեք, որ դա ամենահեշտ գործն է։ Բայց ունենք իրավական խնդիրներ աշխատանքի կազմակերպման հետ կապված։ Քառօրյայի փորձ ունենք, որտեղ մենք երկու ամիս ժամանակ կորցրինք այդ կազմակերպչական խնդիրների վրա, և եթե այդ երկու ամիսն ավել ունենայինք գուցե ավելի հասանելի նյութեր ապահովեինք մեր եզրակացության մեջ այն մարդկանց համար, որոնք գաղտնիության հետ խնդիր չունեին։ Իսկ ապագայում համոզված եմ լայն հասարակությանը մեր քառօրյայի եզրակացությունը հասանելի լինելու է»,- նշեց նա։

Քոչարյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմը Կառավարության ծրագրի կարևորագույն ուսումնասիրման ենթակա հարցերից է։

«Ընդդիմությունն էլ պետք է գիտակցի  դրա կարևորությունը, ոչ թե շարադրեն իրավական ձևակերպումներ հետևյալ բովանդակությամբ՝ ես գալիս եմ նախագահի տեղակալ, որ քննիչ հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարեմ։ Դա իրավական լուծում չէ։ Իրավական լուծումը դրված է հանձնաժողովի վրա՝ ըստ Սահմանադրության։ Եթե որևէ մեկը գիտությունների թեկնածու պարոն Ղազինյանին այդպիսի սխալ իրավական ուղենիշ է նշել, իրենց պրոբլեմն է»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։