Ռուսաստանը կողմ է սահմանազատմանն ու սահմանագծմանը, տարածաշրջանում լարվածության անկմանը։ Մոսկվային ձեռնտու չէ, որ Հայաստանն Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչի, քանի որ այդ դեպքում Բաքուն անմիջապես կբարձրացնի խաղաղապահներին Արցախից դուրս բերելու հարցը: Այս մասին NEWS.amTALK TIME հաղորդման ժամանակ ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նա հիշեցրեց, որ Ռուսաստանը հայտարարել է, որ կարգավիճակի հարցը բաց է, եւ լարվածության աճից խուսափելու համար ավելի լավ կլինի դա ավելի ուշ քննարկել:

«Հայկական կողմին այս փուլում նույնպես ձեռնտու չէ կարգավիճակի հարցը քննարկելը, քանի որ այսօր ոչ ոք հաշվի չի առնի նրա շահերը: Մեր ձայնն ավելի նշանակալից կլինի, եթե ունենանք մարտունակ բանակ: Ժամանակը Հայաստանի օգտին կաշխատի, եթե քայլեր ձեռնարկվեն: Բայց առայժմ իշխանությունները զբաղված են ամեն ինչով, բացի՝ պետությունը հզորացնելուց»,-հավելեց փորձագետը։   

Ինչպես նկատեց Կիվիրյանը, ոչ մի գործընթաց, որը կարելի էր վերականգնողական անվանել, տեղի չի ունենում: «Իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում բանակը վերականգնելու, պատերազմի հետեւանքները վերացնելու ուղղությամբ: Տարվա ընթացքում նրանք չկարողացան կառուցել նույնիսկ մեկ այլընտրանքային ճանապարհ՝ Արցախի օկուպացված տարածքներում բազմաթիվ զորավարժությունների եւ լայնածավալ շինարարական աշխատանքների տեսքով հակառակորդի տարբեր գործողությունների ֆոնին:

Ավելին, ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին ոստիկանական պոստեր են տեղադրել եւ գումար են բռնագանձում  իրանցի վարորդներից: Վաղը նրանք դա կանեն հայ վարորդների նկատմամբ կամ էլ ընդհանրապես կփակեն այդ ճանապարհահատվածը։

Մեկ տարում Հայաստանը պետք է ամեն ինչ աներ բանակը հզորացնելու համար։ Սահմանին այժմ առկա բոլոր խնդիրները բխում են նրանից, որ այդ հարցը լուծված չէ։ Իշխանությունների ամենալուրջ հանցանքն այն է, որ պատերազմի ժամանակ նրանք հասցրին նրան, որ բանակը՝ որպես ռազմաքաղաքական միավոր, ոչնչացվեց։ Նրանք դադարեցրեցին պատերազմը հենց այդ փուլում: Ադրբեջանցիների լկտի պահվածքը պայմանավորված է ոչ միայն նրանց հաղթանակով, այլեւ այն գիտակցմամբ, որ չկա նրանց հակառակորդ բանակ:  Մենք կորցրել ենք մեր սուբյեկտիվությունը բանակի բացակայության պատճառով: Մարտունակ բանակի ստեղծումը վերջ կդնի ադրբեջանական կողմի ամբարտավանությանը: Այս խնդիրը կարող էր լուծվել մեկ տարվա ընթացքում»,-ընդգծեց նա։   

Փորձագետը պարզաբանեց, որ Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, այս անվտանգության բանալիները հանձնել է Ռուսաստանին: «Սա մեծ խնդիր է, քանի որ դուք հրաժարվում եք ձեր ազգային խնդրից եւ այն հանձնում մեկ այլ երկրի, որը կգործի ըստ իր շահերի: Եթե իշխանությունները զբաղված չեն անվտանգության հիմնական հենարանը` բանակը վերականգնելով, ապա պետք չէ սպասել ինչ-որ լուրջ բանի: Ինչ վերաբերում է խաղաղության դարաշրջանին, ապա այն կարող է բացել ոչ թե պարտվողը, այլ հաղթող կողմը: Այսօր Ադրբեջանը կարող էր դա անել, ինչը կբխեր իր շահերից, բայց Բաքուն նույնպես շփոթվեց, նա հայտնվեց Թուրքիայի լիակատար վերահսկողության տակ: Ադրբեջանը Թուրքիայի գործիքն է, հետեւաբար, այլ քաղաքականություն է վարում: Այս պայմաններում ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն կարող լուծել խաղաղության հարցը»,-եզրափակեց փորձագետը։