Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության համակարգում տիրող աղետալի, կոլապսային իրավիճակում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը համարժեք չէ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը հերթական անգամ իրեն չընտրեց փոխնախագահի պաշտոնում:

«Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության համար մեկ վտանգը հանձնաժողովի փոխնախագահի ընտրվել-չընտրվելն է»,-ասաց նա:

Ղազինյանն անդրադարձավ նաեւ իր առաջարկին՝ Ղազինյանն անդրադարձավ նաեւ իր առաջարկին՝ ստեղծել ենթահանձնաժողով, որը պետք է պարզի հոկտեմբերի 7-ին պատերազմը կանգնեցնելու ՌԴ առաջարկը մերժելու հանգամանքները, մոտիվացիան, պատճառները, որոշմանը մասնակցող սուբյեկտների շրջանակը, նրանց կոմպետենտությունը, ստացված տեղեկատվության համարժեքությունն այդ որոշման կայացման համար:

«Այդ առաջարկը մերժվեց, որովհետեւ ընդունելու դեպքում նույն պարոն Քոչարյանը ստիպված էր լինելու գալ, ներկայանալ, տալ տեղեկատվություն, խելոք հարցերի պատասխանել, քանի որ պատերազմի ժամանակ նա Հայաստանի ռազմաքաղաքական իշխանության բաձրագույն ներկայացուցիչն էր՝ լինելով 7-րդ գումարման Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ինքը ևս պետք է քննվեր այդ ենթահանձնաժողովի կողմից։

Դա խոսում է այն մասին, որ եթե իշխանությունները որոշեն ստեղծել քննիչ հանձնաժողով, այն չի կարող ղեկավարվել այդ քննվող առարկայի մեջ էական և կարևոր դերակատարություն ունեցած մարդու կողմից։ Քննիչ հանձնաժողովը չի կարող ղեկավարել Անդրանիկ Քոչարյանը, նա իրավունք չունի ղեկավարել այն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի այսօրվա առաջարկին, որ եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրվի նույն թեկնածուն և չընտրվի, ապա ՔՊ խմբակցությանը հարկադրված կլինեն առաջարկել հանդես գալ նախաձեռնությամբ և հարցը կարգավորել, Արթուր Ղազինյանն ասաց. «Իրենց իրավունքն է, թող բերեն այդ հարցը լիագումար նիստ, օրենքի փոփոխությունը կքննարկվի քաղաքական հարթության վրա, կհնչեն բոլոր գնահատականները, որակումները»։

Հարցին՝ ըստ էության մեկ ամիս ժամանակ են տվել իրեն ընտրության համար, շարունակելո՞ւ է մեկ ամսվա ընթացքում նորից առաջադրվել, Ա. Ղազինյանը պատասխանեց. «Այստեղ կա երկու կարևոր հարց՝ իշխանությունը ոչ մի բարոյական իրավունք չունի պարտադրելու ընդդիմությանը վարքագիծ, պարտավոր են հարգել ընդդիմության դիրքորոշումը և կատարել իրենց քվեարությունը։

Երկրորդ՝ հրաժարվել, նշանակում է այդ պաշտոնը, դիրքը հանձնել իշխանությանը։ Հետևաբար, այս երկու սկզբունքներից ելնելով՝ ընդդիմությունը չի կարող  ենթարկվել Անդրանիկ Քոչարյանի պահանջին և փոխել թեկնածուին և նախագահի տեղակալի կարգավիճակը հանձնել իշխանությանը»։

Հարցին, թե ինչու իշխանությունը չի ուզում իրեն տեսնել հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, «Հայաստան»-ի պատգամավորը պատասխանեց. «Վերջին երկու նիստերին իմ կողմից օրակարգ էին բերվում հարցեր, որոնք մահացու վտանգավոր են իշխանության համար: Առաջինի դեպքում առկա են Քրեական օրենսգրքի 3 հոդվածի հատկանիշներ, երկրորդը վերաբերում է մեր թղերքի մահվան հանգամանքներին: Հոկտեմբերի 7-ին պատերազմը պետք է կանգներ, բայց չկանգնեց առայժմ հասնելի մեկ անձի որոշումով։ Հիմա փորձում ենք հասկանալ՝ այդ մեկ անձից զատ ո՞վ է մասնակցել այդ որոշման կայացմանը, համապատասխանատու այդ որոշման, դրա հետևանքների համար։ Մեր նպատակը դա էր, դա ևս մերժվեց»,- ասաց Ղազինյանը։

Նա ասաց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալը պաշտոն չի համարում, եթե իր համար սկզբունքային լիներ ընտրվել հանձնաժողովի նախագահի տեղակալ, վաղուց լուծած կլիներ այդ հարցը. «Ձևերը տարբեր են։ Ունեմ սկզբունքային դիրքորոշում, կա թեկնածու, որն առաջադրվել է, իշխանության վարքագիծը ստիպեց ընդդիմությանը մնալ կոշտ դիրքերում։

Իրենք սրա համար կրում են քաղաքական պատասխանատվություն՝ հանձնաժողովի աշխատանքը կազմալուծված է, անգործունակ է, քանի որ բովանդակային հարցերի քննությունը և խորհրդարանական վերահսկողությունը, որ պետք է իրականացնի հանձնաժողովը, 5 անգամ նիստ է հրավիրվել, 5 անգամ էլ տեղի չի ունեցել։ Սա իմ որակումն է, գնահատականն է, շատ ավելի կարևոր գնահատական կա, որ հանձնաժողովի նախագահը չի տիրապետում իրավիճակին»,- ասաց Արթուր Ղազինյանը։