Twitter-ը մտադիր է ամբողջ աշխարհի օգտվողներին թույլատրել ցանցի ներսում միմյանց բիթքոիններ եւ, հնարավոր է, այլ հայտնի կրիպտոարժույթներ փոխանցել: Ընկերությունը նաեւ ուսումնասիրում է այն ուղիները, որոնք թույլ կտան օգտվողներին հարթակում ցուցադրել ոչ նյութական NFT թոքենները` կրիպտոակտիվների նոր տեսակը: Նոր գործառույթի առաջին հասանելիությունը կունենան IPhone-ի, այնուհետեւ՝ Android-ի սեփականատերերը, հայտնում է HighTech+ -ը:

Հաշվետերերին գումար ուղարկելու համար հաշվի կարգավորումներում անհրաժեշտ է ավելացնել «թեյավճար» (tips) կոճակը, այնուհետեւ դրան կապել բիթքոին-դրամապանակը:

Կրիպտոարժույթի ուղարկումը կախված կլինի ստացողի տարածաշրջանից: Օրինակ, որոշ երկրներում, պարզվել է, նման վճարման միջոցներն անօրինական են, եւ այս տարածաշրջանների համար փոխանցումները հասանելի չեն լինի: Twitter-ը չի պատրաստվում վճար գանձել եւ խորհուրդ է տալիս գումար ուղարկելու համար Strike հավելվածն օգտագործել: Այն միջնորդավճարներ չի գանձում եւ աշխատում է ամբողջ աշխարհում: Բացի այդ, կրիպտոարժույթի փոխանցումը կաշխատի Bandcamp, Cash App, Chipper, Patreon, Razorpay, Wealthsimple Cash եւ Venmo հարթակների հետ:

Twitter-ի արտադրանքի մենեջեր Էսթեր Քրոուֆորդը կարծում է, որ թվային արժույթների օգնությամբ ամբողջ աշխարհի մարդկանց համար ավելի հեշտ կլինի փող ստանալը՝ նշելով, որ 2 միլիարդ մարդ դեռ չի օգտվում ավանդական բանկային ծառայություններից: «Մենք ցանկանում ենք, որ բոլորը կարողանան վարձատրվել»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ: «Թվային արժույթները, որոնք խրախուսում են ավելի շատ մարդկանց մասնակցել տնտեսությանը եւ օգնում են գումարներ ուղարկել միմյանց սահմաններից այն կողմ ու նվազագույն շփումներով, օգնում են մեզ հասնել դրան»:

Թերեւս Twitter-ում օգտվողի ավատարի կողքին կհայտնվի հատուկ նշան, որը ցույց կտա, որ օգտվողը կարող է ընդունել եւ ուղարկել կրիպտոարժույթ, կամ որ նա ակտիվներ ունի NFT-ում: