Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզն այս շաբաթ մեկնում է Ինդոնեզիա, ըստ ամենայնի, նա հանգամանորեն պատրաստվել է այցին: Ինչպես նշել է The Washington Post-ը, թագավորի ուղեբեռը կշռում է 506 տոննա: Այն ընդգրկում է նաեւ երկու Mercedes-Benz S600 լիմուզիններ, ինչպես նաեւ երկու էլեկտրական վերելակ:

Քանի որ արքայական ուղեբեռը գերազանցում է ուղեբեռի նույնիսկ ​​ամենալիբերալ կանոնները, բեռների տեղափոխումը առանձին լուրջ մոտեցում է պահանջում: PT Jasa Angkasa Semesta (JAS) տրանսպորտային ընկերությունից Աջի Գունավանը Antara լրատվական գործակալությանը հայտնել է, որ ընկերությունը 572 աշխատակցի է ներգրավել սաուդյան ապրանքների փոխադրումն արդյունավետ կազմակերպելու համար:

Սաուդյան Արաբիայի թագավորին ինօրյա ուղեւորության ժամանակ հսկայական շքախումբ է ուղեկցելու: Ինչպես նշել է The Jakarta Post-ը, շքախմբում ընդգրկված է մոտ 1500 մարդ, այդ թվում՝ 10 նախարար, 25 արքայազն եւ անվտանգության առնվազն 100 աշխատակից:

Որքան էլ դրամատիկ թվա, սաուդյան թագավորական ընտանիքի համար ճանապարհորդության նման ոճը նորություն չէ: Ինչպես հաղորդվում է, 2015 թվականին թագավոր Սալմանը եւ 1000 հոգուց բաղկացած շքախումբը զայրացրել են Ֆրանսիական Ռիվիերայի քաղաքապետին, քանի որ առանց թույլտվության փորձել են վերելակ կառուցելու տեղի լողափին: Նույն թվականին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ նրանք գնել են Four Seasons հյուրանոցի բոլոր 222 սենյակները: