Հայաստանում Ուկրաինայի հայերի էլեկտրալիցքակայանների թիվը սրընթաց աճում է, նախատեսվում է ընդլայնել նաեւ դրանց աշխարհագրությունը, այս մասին գրում է AnalitikaUA.net-ը՝ հղում կատարելով Ուկրաինայի հայերի միության սոցիալական նախագծի նախաձեռնող եւ համակարգող  Ռոման Չոբանյանին։

Նրա խոսքով՝ Հայաստանում Ուկրաինայի հայերի էլեկտրալիցքակայանների թիվը շուտով կհասնի 29-ի, ներկա պահին կա արդեն 19 կայան, եւ 10-ը կգործի մինչեւ տարեվերջ։

Հիմա էլեկտրալիցքակայաններն արդեն գործում են Հայաստանի մայրաքաղաքում, ինչպես նաեւ Իջեւանում, Ապարանում, Ստեփանավանում, Աբովյանում, Սեւանում եւ Ջերմուկում։  

Ինչպես հայտնի է, Հայաստանում իրականացվում է Ուկրաինայի հայերի միության՝ էլեկտրամեքենաների լիցքավորման կայանների բացման սոցիալական նախագիծը։ Նախաձեռնությունն սկսել է իրականացվել 2019 թվականից, Հայաստանի Տավուշի մարզից։

Լրատվամիջոցը նաեւ հիշեցնում է, որ շատ շուտով Երեւանի Օղակաձեւ զբոսայգում կբացվի սքեյթ-փարք՝ Ուկրաինայի հայերի միության նվերը Հայաստանի մայրաքաղաքին։