Մինչեւ տարեվերջ Ստեփանակերտում, մարդկանց տեղավորելու համար, նախատեսվում է կառուցել 300 բնակարան։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում սեպտեմբերի 29-ի աշխատանքային հանդիպման ընթացքում, որը կազմակերպել էր մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովը, ասաց Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։

Նա ընդգծեց, որ պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 192 բնակավայր՝ 185 գյուղ եւ 7 քաղաք։ «Հանրապետությունում խիստ տուժել է ենթակառուցվածքը։ Մասնավորապես, գործող 36 հէկերից մնացել է ընդամենը 6-ը։ Լուրջ վնաս է հասցվել նաեւ հեռահաղորդակցությունների ոլորտին։ Հաղորդակցությունների ոլորտին հասցված նախնական վնասը կազմում է մոտ 42 մլն դրամ։ Բացի այդ, խիստ տուժել է նաեւ ջրամատակարարման համակարգը»,- տեղեկացրեց Ղազարյանը։