Մեր հազարավոր հայրենակիցների արյան մեղքը կրող այս թրքացածների խունտան շարունակում է ընթանալ այն ուղենիշով, որը նրան տվել են իրեն իշխանության բերողները, այն է՝ Հայաստանն ամեն կերպ ինտեգրել թուրքական պրոյեկտին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

«Այն ինչ կատարվեց մեկ տարի առաջ ոչ միայն մեծագույն ողբերգություն էր հայերի համար, այլ նաեւ սա մի սարսափելի վտանգավոր խաղ է դաշնակից Ռուսաստանի եւ բարեկամ Իրանի դեմ ուղղված: Միանգամայն օրինաչափ է, որ այս իշխանությունը, որ բրիտանաթուրքական ուժերը բերեցին մեր գլխին, չպետք է օգտվեր այս բնական դաշնակից-բարեկամների ընձեռած աջակցությունից, օգնությունից պատերազմի ընթացքում: Եթե այդ աջակցությունը հավուր պատշաճի ընդունվեր, մենք այլ պատկեր կունենայինք, եւ ռուս խաղաղապահները ոչ թե Ստեփանակերտի տակ կանգնած կլինեին, այլ այն բնագծերում, որտեղ ՊԲ-ն տարիներ շարունակ մարտական հերթապահություն էր իրականացնում»,-ասաց նա:

Ջամալյանի խոսքով, հիմա Ալիևը լկտիացել է, ինչին նպաստում է «իր այստեղի խամաճիկը»։  «Ադրբեջանցիները հաջողության են հասել, դա իրենց մատուցվել է սկուտեղի վրա։ Նրանք մեր երկիր բերեցին այնպիսի իշխանություն, որը սպասարկում է նրանց ազգային շահերը։ Դրանից ավելի մեծ դիվանագիտական հաղթանակ դժվար է պատկերացնել։ Ինչ վերաբերում է ռազմի դաշտում, ապա նրանց առաջխաղացումը եղել է մեր տակտիկական նահանջների արդյունքում, նույնիսկ այդ պարագայում նրանց առաջխաղացումը շատ դանդաղ է եղել, հյուսիսարևելյան հատվածում 10-րդ դիվիզիան նույնիսկ կասեցրել է։ Բանակը հնարավոր ամեն բան արել է»,- ասաց ռազմական փորձագետը։

Ջամալյանը հույս հայտնեց, որ այս իշխանության հեռացումից հետո պետք է լինի պետականամետ հանձնաժողով, որը կպարզի պատերազմի օրերին տեղի ունեցած իրադարձությունները, դրանց պատճառները, մեղավորներին։