Սեպտեմբերի 28-ի երեկոյան քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ծառայողները մայրաքաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնարկից առաջ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը հրահանգավորեց ուժեղացված ծառայությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարներին՝ ներկայացնելով հատուկ միջոցառման նպատակները՝ հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխում ու բացահայտում։

Երևանի բոլոր վարչական շրջաններում ու Երևան մտնող ճանապարհահատվածներում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել՝ 40, բերվել՝ 5 անձ, որոնցից 2-ի նկատմամաբ իրականացվել է վարչական վարույթ։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, դանակներ, մահակներ և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է նաև ապօրինի թմրաշրջանառության 9 դեպք. հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ հերոինի ու մեթամֆետամինի նմանվող։ Հայտնաբերվել են նաև կորած համարանիշեր։ Ուժեղացված ծառայության ընթացքում պրոֆիլակտիկ բնույթի այցեր են կատարվել 10-ից ավելի ժամանցի վայրեր։

Կարող ենք արձանագրել, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։