NEWS.am-ը շարունակում է շարքը Արցախյան երկրորդ պատերազմի մասին՝ վերականգնելով իրադարձությունների պաշտոնական եւ իրական ժամանակագրությունը՝ օր առ օր։ Շատ իրադարձություններ մնացել են ստվերում, շատ տեղեկություններ վստահաբար գաղտնիացվել են կամ թաքցվել, պատերազմի ընթացքում, առավել եւս աղետին հաջորդող ամիսներին կուտակվել են բազմաթիվ հարցականներ, որոնց գերակշիռ մեծամասնության պատասխանները մինչեւ օրս չեն հնչել. ինչու եւ ինչպես ընկավ Շուշին, ինչու էին իրարամերժ ճակատից ստացվող եւ պաշտոնական տեղեկությունները, ինչու էր վարչապետը հարցազրույցի ընթացքում վստահորեն պնդում, թե այդ պահին հայկական ուժերն անցել են հակահարձակման եւ ջարդում են հակառակորդի բանակի ողնաշարը, սակայն հետո պարզվեց, որ հարավային ուղղությամբ այդ գործողությունն էր հենց հետագա ռազմական անհաջողությունների գլխավոր պատճառը, եւ, իհարկե, ինչպես եղավ, որ պաշտոնական մակարդակով մինչեւ վերջին օրը պատերազմն իշխանությունը վարում էր «Հաղթելու ենք» խոստում-կարգախոսի  ներքո, եւ Շուշիի անկման ցնցումից ուշքի չեկած հանրությանը ժամեր անց ներկայացվեց պարտությունն արձանագրող նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 4-րդ՝ սեպտեմբերի 30

Պատերազմի 4-րդ օրվան նախորդող ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: Արցախի ՊԲ-ն վստահեցրել է, որ մարտավարական նախաձեռնությունն իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: «Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ»,– հայտնել են ՊԲ-ից, հավելելով, որ հարվածային 2 ԱԹՍ խոցվել է Ստեփանակերտի երկնքում: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի նախօրեին, Արցախի նախագահ Ա.Հարությունյանը, պնդում էր, որ ի տարբերություն 4-օրյա պատերազմի, այս անգամ Արցախի երկինքը ամբողջությամբ փակ է։

ՀՀ ՊՆ-ն հերքեց հայկական կողմի կորուստների վերաբերյալ Ադրբեջանի տարածած տեղեկությունը. «Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա սեփական կորուստների թիվը շփոթել և վերագրում է հայկական ուժերին»,– գրեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից հետո վերադարձած զինծառայողների պատմածներից դատելով՝ հայկական կողմը հատկապես մեծ թվով զոհեր է տվել հենց պատերազմի առաջին օրերին, մասնավորապես, հարավային ուղղությամբ։ 2021թ. սեպտեմբերի 21–ին ԵԽԽՎ վեհաժողովի  աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ընդունված «Հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները» բանաձևում ասվում է, որ 44–օրյա  պատերազմի հետեւանքով զոհվել կամ անհետ կորել է ավելի քան 3900 հայ եւ 2900 ադրբեջանցի զինծառայող, այսինքն՝ պաշտոնական տվյալնվերով ադրբեջանական կողմի զոհերի թիվը 1000–ով պակաս է։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում պատերազմի 4-րդ օրվա հաղորդագրությունների շարքը սկսեց հետեւյալ գրառմամբ. «Բացառիկ ու աննախադեպ են այս պատերազմի ոչ միայն թափն ու ծավալը, այլ նաև ռազմագիտական բաղադրիչները: Փաստացի մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ: Կան ընդգծված առանձնահատկություններ, վերլուծությունը մեր հաղթանակից հետո: Միայն մի բան ասեմ. հրետանին և ՕՀՄ-ները գնալով ավելի են խաչասերվում: #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ և դա լինելու է մեր նոր մակարդակի, նոր որակի հաղթանակը: Այդ հաղթանակի ռազմաքաղաքական նշանակության, մեր քաշ ու կշեռքի առումով լրիվ այլ վերլուծություններ են պետք»: 

Մամուլը գրեց, որ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը,  պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը պատրաստակամություն են հայտնել Հայաստան գալու եւ իրենց մասնակցությունն ունենալու սահմանի պաշտպանության գործին, ինչի համար  դիմել են գլխավոր դատախազին՝ իրենց նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու եւ Հայաստան անխոչընդոտ վերադառնալու համար: Արձագանք ոչ այդ, ոչ էլ հետագա օրերին չի եղել եւ նրանք չեն կարողացել վերադառնալ եւ օգնել հայրենակիցներին։ Գլխավոր դատախազությունը չի պատասխանել լրատվամիջոցների, մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթի, հարցերին։ «Նրանց վերադարձի առաջ կա՞ քաղաքական խոչընդոտ» հարցին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը պատասխանել է. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ազատորեն վերադառնալ Հայաստան, իսկ մնացածի պատասխանատուն ՀՀ գլխավոր դատախազությունն է»:

ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութում հայտարարում էր, թե Արցախ  մեկնելու ճանապարհին ամուսինն իրեն ասել է, որ իրենց  տղան պետք է գնա եւ մասնակցի պատերազմին։ «Ինքը հագնվել է, ես  իրեն ասել եմ՝ հա, տղա ջան, զինվորական հագուստդ հագի և գնա։ Ես իրեն ասել եմ՝ քեզ պաշտում եմ, բայց հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան էս աշխարհում չկա»,- նշել էր Աննա Հակոբյանը։

Պատերազմին Աշոտ Փաշինյանի իրական կամ վիրտուալ մասնակցության, թիկնապահների խմբով նրան Հայաստանի սահմանամերձ գոտիներ ուղեկցելու,  հերոսական կողմերով ներկայացնելու ջանքերի մասին լուրերը կամ սենյակային պայմաններում արված լուսանկարները պարբերաբար հայտնվել են հաջորդող օրերի լրահոսում։

Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը չի քննարկում ղարաբաղյան հակամարտության գոտի միջազգային խաղաղապահներ մտցնելու հնարավորությունը։ «Մեր օրակարգում այդպիսի հարց չկա»,- ասել էր Փաշինյանը «Ինտերֆաքսին»։ Նկատենք, որ ս.թ. մայիսի 12-ից հետո Փաշինյանն արդեն ոչ թե քննարկում, այլ հրավիրում է միջազգային դիտորդներ Հայաստանի սահման, մասնավորապես՝ Սոթք-Խոզնավար հատված։

Փաշինյանն ասել էր,  որ ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցում չի քննարկել Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը ռազմական միջամտության հնարավորությունը։ Հայաստանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հնարավորությունը՝ նշել էր նա։

«Մեր օրակարգում այդպիսի տարբերակ կա՝ Ղարաբաղի անկախության ճանաչումը։ Կա նաեւ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրման տարբերակը, հնարավորություն կա ստորագրելու անվտանգության եւ պաշտպանության ոլորտում համագործակցության պայմանագիր»,- ասել էր Փաշինյանը։ (Ինչպես տեսանք, այդ տարբերակները քննարկման փուլից առաջ չգնացին)։

Փաշինյանը նաեւ վստահեցրել էր, որ Հայաստանը մտադիր չէ դիմել ՀԱՊԿ–ին ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի հետ կապված: «Հայաստանի զինված ուժերը ունակ են պաշտպանել երկրի անվտանգությունը»,- ասել էր վարչապետը, պնդելով, որ Հայաստանը բոլոր մեթոդներով կապահովի իր անվտանգությունը:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի խորհրդարանի մի քանի կին պատգամավորների: «Չեմ կասկածում արցախցի կնոջ, առհասարակ հայ կնոջ ամրության վրա, ես ուղղակի ուզում եմ այստեղ իմ ներկայությամբ էլ ամբողջ աշխարհը ևս մեկ անգամ համոզվի, որ չենք տատանվի, չենք  վախենա և այս պատերազմում հաղթանակը մերն է լինելու՝ ուշ թե շուտ: Սա իմ համոզմունքն է»,- ասել էր Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ պահը պատմական է, և պետք է առաջին հերթին հույսներս դնենք մեզ վրա: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը պատերազմից ամիսներ անց պնդեց, որ այդ հանդիպմանը Աննա Հակոբյանը բռնկված պատերազմի համար մեղադրել է Ռուսաստանին։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ճեպազրույցում հայտարարեց, որ եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, ապա իրենք չեն բացառում, որ ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվի: «Ադրբեջանական զինված ուժերը որոշակի հաջողություններ ունեցել են միայն առաջին օրը: Արդեն 27-ի գիշերը ՊԲ-ն կարողացել է վերականգնել կորցրած դիրքերի մեծ մասը, ունենալ որոշակի առաջխաղացում, հաջողություններ, որոնք առայսօր պահպանվում են: ՊԲ-ն կարողանում է կասեցնել բոլոր հարձակողական գործողությունները, որոնք իրականացնում է Ադրբեջանի բանակը՝ թուրքական զինուժի աջակցությամբ: Անցած գիշեր բոլոր հարձակողական գործողությունները ձախողվել են: Այս պահին Ադրբեջանի բանակն ունի զինտեխնիկայի եւ զինվորական ուժի շատ մեծ կորուստներ»,- հայտարարել էր նա:

ԱԺ նախագահ Արարատը Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն ու գրեց. «Էս էլ մեր գերագույն հրամանատարն ա։ #Չշշկռեք»: Այս տողը այդ օրերին իշխանության ներկայացուցիչների բազմաթիվ գրառումներից ամենահիշարժաններից մեկն է, իսկ թե ում էր ուղղված «չշշկռեք» հրահանգը, կարելի է միայն ենթադրել։ Ի դեպ,  պատերազմի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պարտության համար իրեն ուղղված մեղադրանքներին՝ անընդհատ պնդում էր, որ ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց ոչ մեղավորը՝ ակնարկելով, որ ինքը չի պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար չի եղել։

Դեռ պատերազմի 4-րդ օրը Ռուսաստանը դիտարկում էր տարածաշրջան խաղաղապահներ գործուղելու հարցը։ «Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարգավորելու համար այլ խաղաղապահներ ներգրավելու անհրաժեշտություն չկա` բացառությամբ ռուս կամ ՀԱՊԿ երկրները ներկայացնողներ խաղաղապահների»,– գրեց «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Պետդումայի պատգամավորներին։ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին հիշեցրել էր Մերձդնեստրի փորձը, որտեղ մարտերն անմիջապես դադարեցին, երբ տեղակայվեցին ռուսական խաղաղապահ ուժերը: Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երեւանի օրակարգում միջազգային խաղաղապահ ուժերի` ղարաբաղյան հակամարտության գոտի մտցնելու հարց չկա։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռիգայում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց. «Ես ասում եմ Հայաստանին եւ հայերին՝ Ֆրանսիան կխաղա իր դերը: Թուրքիայի քաղաքական հայտարարություններն անխոհեմ են եւ վտանգավոր: Ֆրանսիային մտահոգում են այդ ռազմաշունչ ուղերձները, մասնավորապես Ղարաբաղը գրավելու հարցում Ադրբեջանին աջակցությունը, ինչը մենք անընդունելի ենք համարում»:

Մակրոնն Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ հարվածներն անհամաչափ է անվանել. «Քանի որ արդեն հաստատվել է, որ հարվածներ է նախաձեռնել ադրբեջանական կողմը, ես պահանջել եմ, որպեսզի այդ հարձակումը դադարեցվի եւ հստակորեն դատապարտել միջոցները, որոնք մենք դիտարկում ենք որպես անհամաչափ։ Յուրաքանչյուր կողմ պետք է վերադառնա հանգիստ վիճակի եւ դադարեցնի կրակը»,- նշել էր նա: 

Մամուլը հայտնեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Արցախ է մեկնել նաեւ կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը։ Նշենք, որ նախկին բարձրաստիճան զինվորականներն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանը եւս մեկնել են Արցախ։ Լ.Քոչարյանը որպես կամավոր է մասնակցել պատերազմին, իսկ Ս.Օհանյանի որդին ՊԲ տանկային գումարտակի հրամանատար էր եւ պատերազմում վիրավորվել է։

Հայաստանի կառավարությունում «սորոսականներ» չկան, կան «փաշինյանականներ», հայտարարեց վարչապետ Փաշինյանը` «Sputnik Արմենիայի» խնդրանքով մեկնաբանելով ընդդիմախոսների այն հայտարարությունները, թե Ռուսաստանի իշխանությունները դժգոհ են այսպես կոչված «սորոսական կադրերի» նշանակումից հանրապետության որոշ առանցքային պաշտոններին: Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում ոչ մի բացասական բան տեղի չի ունեցել. «Չկա որեւէ նրբերանգ», որը չկար 4.5 կամ 7 տարի առաջ»:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների առնչությամբ նամակներ էր հղել արաբական աշխարհի մի շարք երկների ղեկավարների:

Քիչ անց Արցախի ՊԲ-ից հայտնեցին, որ «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները իրենց  հմուտ գործողություններով շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել նախահարձակ թշնամուն, ինչի արդյունքում հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, հյուսիսային և հարավային ուղղություններում՝ 1-ական «ՏՕՍ 1» տիպի հրանետ, 11 տանկ, 3 ՀՄՄ և 6 զրահափոխադրիչ»: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ գրեց. «ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներից ակտիվորեն տարածվող տեղեկությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Միաժամանակ, խստորեն զգուշացնում ենք՝ եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով մտադիր է օգտագործել այս ապատեղեկատվությունը և կիրառել նմանատիպ կամ ավելի մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, ապա հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար»: Տարօրինակ է, որ բոլոր հնարավոր զինատեսակներից նաեւ խաղաղ բնակավայրերը գնդակոծող ու հրթիռակոծող Ադրբեջանի տարածած տեղեկությունը հերքելու կամ զգուշացնելու կարիք կար։

Արծրուն Հովհաննիսյանի եւս մեկ «հաղթական» գրառում. «Հակառակորդը չհասնելով հաջողության՝ փոխում է գործելաոճը. բայց մեկ է՝ պարտվելու են»: Հովհաննիսյանը չի մանրամասնել՝ ինչ գործելաոճի մասին է խոսքը։

Եվս մեկ գրառում Արծրուն Հովհաննիսյանից. «Ադրբեջանը Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին: Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Կարս (Ա.Հովհաննիսյանը գրել էր Ղարս՝ NEWS.am) հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ: Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից: Շուտով կներկայացնենք օբյեկտիվ հսկման նյութերը»:

Արդեն ճեպազրույցում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ համառ մարտերը շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում: «Մեր զորքերը հերոսաբար կռվեցին ու հետ մղեցին հակառակորդի գրոհները, որոնց մարտավարությունը զգալիորեն փոխվել է: Հարձակման հիմնական ուղղությունները մնացել են հյուսիսն ու հարավը», ասել էր նա: Հովհաննիսյանը ներկայացրել էր վերջին օրվա ընթացքում հակառակորդի կորուստները.  անձնակազմի շրջանում զոհերի թիվը 130 է,  վիրավորներինը՝ 200, տեխնիկան` 29 տանկ եւ БТР-ներ, 3 «ՏՕՍ» կայանք, 1 «Սմերչ », 11 ԱԹՍ: Ըստ նրա՝ Թուրքիայի մասնակցության վերաբերյալ  հայկական կողմը ապացույցներ ունի, որոնք ժամանակին կներկայացվեն: Ո՞ւմ եւ ե՞րբ պետք է ներկայացվեին՝ պարզ չէ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Օրակարգում «ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում օպերատիվ վիճակն ու հայկական զինված ուժերի հետագա քայլերն էին»: Այլ մանրամասներ հայտնի չեն։ Պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 17-ին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ պատերազմի 4-րդ օրը անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները և Զինված ուժերի գնահատականը՝ նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում պետք է պատերազմը կանգնեցնել: Փաշինյանը հետագայում հերքեց Օնիկ Գասպարյանի ասածը։

Ստեփանակերտում հանդիպել են Արցախի Հանրապետության 3 նախկին նախագահները` Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արցախի ղեկավարությունը խուսափել է Ռ.Քոչարյանի հետ հանդիպումից եւ խորհուրդներ ստանալուց։ Պատերազմից հետո ունեցած հարցազրույցում ԱՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահը հայտնեց, որ նույնիսկ ստիպված է եղել իր առաջարկներն ու խորհուրդները փոխանցելիս չասել, որ ինքն է հուշել, ենթադրվում է՝ որպեսզի դրանք չմերժվեն։

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Դաշնությունը մտահոգված է ռազմական գործողություններին մասնակցելու համար Սիրիայից եւ Լիբիայից զինյալներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայման մասին ստացվող տեղեկություններից: «Ըստ ստացված տեղեկատվության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, մասնավորապես՝ Սիրիայից ու Լիբիայից, անօրինական զինված կազմավորումների զինյալներ են տեղափոխվում՝ ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցելու համար: Մենք խորապես մտահոգված ենք այդ գործընթացներով, որոնք հանգեցնում են ոչ միայն հակամարտության գոտում լարվածության էլ ավելի սրմանը, այլեւ երկարաժամկետ սպառնալիքներ են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար»,- նշել էր դիվանագիտական գերատեսչությունը՝ կոչ անելով ահաբեկիչներին եւ վարձկաններին անհապաղ դուրս բերել տարածաշրջանից։

BBC-ն, Reuters-ը եւ այլ հեղինակավոր լրատվամիջոցներ հաղորդեցին Արցախյան հակամարտության գոտի վարձկաններ ու ահաբեկիչներ նետելու մասին։ BBC-ն նույնիսկ  հարցազրույց հրապարակեց սիրիացու հետ, որը պատմել էր, թե ինչպես է իրեն հավաքագրել է թուրքամետ Սիրիական ազգային բանակի հրամանատարներից մեկը, եւ այժմ ինքը գտնվում է Ադրբեջանում, որտեղ բերվել են Թուրքիայից: Նա ասել էր, որ իրենց խաբել են, թե ռազմավարական օբյեկտներ են պաշտպանելու, սակայն ներգրավել են մարտերին։

Ֆրանսիական L'Express-ում լրագրող Գիյոմ Պերյեն հոդված է հրապարակել վարձկանների մասին, որոնց հետ շփվել է անձամբ։ «Սիրիայի հյուսիսում շուրջ 1000 մարտիկներ են հավաքագրվել «Համզա» եւ «Սուլթան Մուրադ» խմբավորումներից, ինչպես նաեւ՝ փախստականների ճամբարներից: Սեպտեմբերի 18-ից նրանց ուղարկել են ինքնաթիռներով: Վճարել են 8000-ական թուրքական լիրա (1000 ԱՄՆ դոլար): Նրանցից առնվազն երկուսը սպանվել են կիրակի օրը»:

Պատերազմի միայն 4-րդ օրը ՀՀ Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց «շփման գծում զինված ընդհարումների ժամանակ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, վարձկաններ հավաքագրելու և օգտագործելու, հանցավոր հրաման արձակելու դեպքերի առթիվ»:

Ուշ երեկոյան կայացած ճեպազրույցում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ առաջնագծում իրավիճակի էական փոփոխություններ չկան, լայնամասշտաբ մարտեր են ընթանում նույն ուղղություններով: «Ակտիվ մարտական գործողություններ են ընթանում Օմարից մինչեւ Արաքս, Մռավի լեռնաշղթայի վրա, Եղնիկներում, Մատաղիսում: Շատ ակտիվ է հարավ-արեւելքում՝ Արաքսի եւ Ֆիզուլիի հովիտներում»,- ասաց Հարությունյանը: Արցախի նախագահը կրկին կոչ արեց պատրաստվել երկարատեւ պատերազմի: