Ուկրաինան եւ Թուրքիան հուշագիր են ստորագրել ԱԹՍ-ների սպասարկման, վերանորոգման եւ արդիականացման համատեղ ուսումնափորձարարական կենտրոնի կառուցման, ինչպես նաեւ անձնակազմի վերապատրաստման վերաբերյալ` կապված «Bayraktar» անօդաչու թռչող սարքերի շահագործման հետ, հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայությամբ համագործակցության հուշագիր է ստորագրվել Ուկրաինայի պաշտպանության նախարարության եւ «Bayraktar Savunma» ընկերության միջեւ:

«Մենք շատ երկար ենք սպասել այս պահին: Սա մեզ համար կարեւոր իրադարձություն է», - փաստաթղթի ստորագրումից հետո ընդգծել է Վլադիմիր Զելենսկին: Նա իր եւ ուկրաինացի ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` այս ծրագրի իրականացմանն աջակցելու համար: «Սա առաջընթացի մեծ քայլ է: Երախտապարտ եմ նախագահ Էրդողանին: Սա իրական աջակցություն է Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ անկախությանը», - ասել է նա:

Փաստաթղթի համաձայն՝ «Bayraktar»-ը Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը պատկանող՝ Վասիլկովի մոտ գտնվող հողատարածքներում կառուցելու է ընկերության անօդաչու թռչող սարքերի սպասարկման, վերանորոգման եւ արդիականացման կենտրոն: Բացի այդ, կենտրոնը իրականացնելու է անօդաչուների հետ աշխատող անձնակազմի ուսուցում եւ վերապատրաստում: Նախատեսվում է, որ Ուկրաինայում հետագայում մի շարք նման կենտրոններ են կառուցվելու եւ գործելու:

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ հաջորդ փուլը լինելու է ԱԹՍ-ների՝ ուկրաինա-թուրքական արտադրության ստեղծումը: «Bayraktar»-ը նախատեսում է սեփական միջոցները ներդնել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցման համար, որտեղ աշխատելու են ուկրաինացի մասնագետներ: Սա ստեղծելու է նոր աշխատատեղեր եւ եկամուտներ է ապահովելու պետական ​​բյուջեի համար: