Ամստերդամի «Սխիպհոլ» միջազգային օդանավակայանից ոչ հեռու շաքարի ճակնդեղի դաշտ է գտնվում: Բերքահավաքից հետո մնացորդների վրա սագեր են հավաքվել, որոնք կարող են լուրջ խնդիր դառնալ ինքնաթիռների համար, գրում է «Իմ մոլորակը» պորտալը՝ հղում անելով RTL Nieuws-ին:

Օդանավակայանի ղեկավարությունը պայմանավորվել է տեղացի ֆերմերի հետ, եւ նա դաշտ է բերել իր 20 խոզերին: Կենդանիները միաժամանակ ուտում են մնացորդները եւ վախեցնում թռչուններին:

«Այն պահից, ինչ խոզերին բաց են թողել, սագերն այլեւս չեն երեւացել: Խոշոր խոզերը վախեցնում են սագերին: Կենդանիները նաեւ ուտում են մնացորդները, իսկ սագերին ոչինչ չի մնում»,- ասել է ֆերմեր Խոսե Հաարհուսը:

Թռչուններին վախեցնելու համար օդանավակայանում օգտագործվում են նաեւ ազդանշանային հրթիռներ, խոտերի հատուկ խառնուրդներ եւ գիշատիչ թռչուններ:

«Թռչունները մեծ վտանգ են ներկայացնում: Նրանք կարող են թռչել շարժիչի մեջ, բախվել դիմապակուն կամ շասսիին: Անցյալ ամիս թռչունը թռել էր շարժիչի մեջ: Ինքնաթիռը կարողացել էր հասնել նշանակման վայր, թեեւ շատ հաճախ ինքնաթիռները վերադառնում են մեկնման օդանավակայան»,- ասում է «Սխիպհոլ»-ի աշխատակից Դորոն Սաջեթը: