Միջազգային պայմանագիր է մշակվում ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկայի ձեւավորման վերաբերյալ: Այս մասին Մոսկվա - Երևան - Նուր-Սուլթան - Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի եւ ենթակառուցվածքների նախարար Թեմիրբեկ Ասանբեկովը:

Նա պարզաբանել է, որ այն ոչ թե գնագոյացման, այլ էներգետիկ ռեսուրսների ձեռք բերման հավասար իրավունքների, հավասար մրցակցային միջավայր ստեղծելու մասին է:

Նախարարը շեշտել է, որ կհաստատվեն նաեւ մատակարարվող էներգառեսուրսների ծավալները:

«Փաստաթուղթը, որը դեռ քննարկման փուլում է, ուղղված կլինի հավասար պայմանների ստեղծմանը, էներգետիկ ռեսուրսների հավասար հասանելիությանը: Աշխարհում էներգետիկ ռեսուրսների գների աճի ֆոնին այժմ կարող ենք ասել, որ Միությունն ընդհանուր շուկաների ձեւավորման ճիշտ հայեցակարգ է որդեգրել: Այն թույլ է տալիս մասնակից երկրներին ստանալ ռեսուրսներն այն գներով, որոնք նախկինում նշված էին միջկառավարական համաձայնագրերի մակարդակով ստորագրելիս»,- հավելել է Ասանբեկովը: