2021 թվականի ընթացքում զգալի անկում է ապրել պատրաստի մետաղե արտադրատեսակների, այդ թվում նաև ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը, ինչը պայմանավորված է Միացյալ Նահանգներում տեղի ունեցող զարգացումներով։ 2021 թվականի հունվար – հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 19688.0 տոննա ալյումինե նրբաթիթեղ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4% - ով։

Հիշեցնենք, որ ԱՄՆ առևտրի դեպարտամենտը ձգտում է չափազանց բարձր դեմպինգային տուրք սահմանել հայկական ծագում ունեցող ալյումինե նրբաթիթեղի նկատմամբ։ Դեռևս 2018 թվականին Միացյալ Նահանգները մի քանի ամսով արգելեց հայկական նրբաթիթեղի ներմուծումը «Ռուսալ» կորպորացիայի սեփականատեր Օլեգ Դերիպասկայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցի շրջանակում։

Այս անգամ «Ռուսալ – Արմենալի» դեմ բողոքով են հանդես եկել ամերիկյան նրբաթիթեղ արտադրող մի քանի գործարանների ներկայացուցիչներ, ինչից ելնելով դեպարտամենտը հարցում է արել կազմակերպությունից մանրամասն ներկայացնել տեղեկատվություն արտադրական ծախքերի վերաբերյալ։

Հետաքննության արդյունքում՝ Դեպարտամենտը որոշել է, որ հայկական գործարանը արհեստականորեն նվազեցնում է արտադրանքի գինը, հետևաբար, անհրաժեշտ է նրբաթիթեղի նկատմամբ սահմանել տուրք մոտ 200% - ի չափով։ Այլ կերպ ասած՝ նրբաթիթեղի գինը կբարձրանա մոտ երեք անգամ, ինչն ամբողջությամբ վերջ կտա դեպի ԱՄՆ հայկական նրբաթիթեղի արտահանմանը, որի արդյունքում Հայաստանը կզրկվի տարեկան մոտ 30 մլն ԱՄՆ դոլար արտահանումից ստացվող հասույթից։

Անհրաժեշտ է նշել, որ 2018 թվականի պատժամիջոցների կիրառման ժամանակահատվածում գործարանը ստիպված եղավ աշխատակիցների մի մասին ուղարկել հարկադիր արձակուրդի և միայն դեպի ԵՄ վաճառքի ծավալների ավելացման արդյունքում, որտեղ մրցակցությունը ևս թեժ է, գործարանը կարողացավ պահպանել աշխատատեղերը։

Բնական է, որ հայկական նրբաթիթեղը ԱՄՆ շուկայումշատ փոքր մասնաբաժին ունի, հիմնական խնդիրը Չինաստանն է, որի առջև Վաշինգտոնը փակել է իր շուկայի դռները  2018 թվականից։ Սակայն դրանից հետո ևս ամերիկյան արտադրողները շարունակում էին բողոքել և արդեն 2020 թվականի սեպտեմբերին բացվեց նոր գործ՝ կապված Հայաստանի, Ռուսաստանի, Բրազիլիայի, Թուրքիայի և Օմանի ծագում ունեցող նրբաթիթեղի հետ։

Հետագայում գործը բավականին հետաքրքիր ընթացք ստացավ։ Իրենց ներկայացրած բողոքում ամերիկյան գործարանները դեմպինգային մարժան Հայաստանի համար գնահատել էին 61.96%, իսկ Թուրքիայի համար՝ 49.11%, սակայն 2021 թվականի ապրիլի 28-ի իր եզրակացության մեջ առևտրի դեպարտամենտը բարձրացրեց Հայաստանի համար նշված գնահատականը մինչև 188.84%, իսկ Թուրքիայի համար զրոյացրեց։ Հետաքննության արդյունքում Դեպարտամենտը որոշեց, որ հակադեմպինգային տուրքի չափի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի ս/թ հոկտեմբերի 1–ին։ Թե ինչպիսին կլինի այն, պարզ չէ, սակայն մինչ այդ գործարանն արդեն սկսում է զգուշորեն վերաբերվել արտադրվող արտադրանքի չափաքանակների որոշմանը։

Ներկայումս «Ռուսալ - Արմենալ» գործարանում աշխատում է մոտ 700 մարդ, իսկ միջին աշխատավարձը կազմում է 360.0 հազ. դրամ։ Միացյալ Նահանգներին բաժին է ընկնում իրացման մոտ 1/3-ը, մնացած մասը հիմնականում արտահանվում է ԵՄ երկրներ։ Այնուամենայիվ, ԱՄՆ-ի շուկայի կորուստը մեծ հարված կհասցնի հայկական ալյումինե նրբաթիթեղի արտադրությանը։ Հետևաբար, անհրաժեշտ է օգտագործել դիվանագիտական և սփյուռքի ներուժն իրավիճակից քիչ կորուստներով դուրս գալու համար։

Արամ Աճեմյան