Մոսկվան շարունակում է ականապատ դաշտերի քարտեզների փոխանակման դիմաց հայ զինծառայողների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսեյ Զայցեւը։

«Գիտենք, որ ԼՂ-ում զինված հակամարտության առաջին տարելիցի օրը Հայաստանում եւ Ադրբեջանում սգո միջոցառումներ են անցկացվել: Մենք լիովին կիսում ենք հակամարտության երկու կողմերից բոլոր զոհվածների հարազատների, ընկերների եւ մտերիմների վիշտը։ Ենթադրում ենք, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունները գործում են որպես հուսալի երաշխիք, որ նման ողբերգական իրադարձությունները հետագայում չեն կրկնվի: Տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու իր ջանքերում Ռուսաստանը կենտրոնանում է այս եռակողմ համաձայնագրերից բխող խնդիրների կատարման եւ բոլոր ոլորտներում առաջ շարժվելու վրա: Մենք շարունակում ենք աշխատել հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ` ականապատ դաշտերի քարտեզների փոխանակման դիմաց: Մենք համոզված ենք, որ դա կնպաստի Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների բարելավմանը»,-ասել է Զայցեւը։

Պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին հարցին՝ Զայցեւն ասել է, որ չափազանց կարեւոր է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել։ «Մեր աշխատանքում մենք կենտրոնանում ենք հենց այդպիսի դրական կողմերի վրա: Անդրկովկասյան տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը փոխվարչապետների մակարդակով: Մեր կողմից, մենք նշում ենք Երեւանի եւ Բաքվի դրական տրամադրվածությունը փոխադարձ ընդունելի համաձայնությունների ձեռքբերման հարցում, ինչը երկարաժամկետ հեռանկարում հնարավորություն կտա համատեղ աշխատանք սկսել»,-ընդգծել է նա։