Եթե ​​Ադրբեջանի վարքագիծը չփոխվի, ապա ռուս խաղաղապահները հավերժ կմնան Ղարաբաղում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Նա դա կապեց այն բանի հետ, որ ռուս խաղաղապահները հանդես են գալիս որպես արցախահայության անվտանգության երաշխավոր: «Մի կողմից, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են Նյու Յորքում, Ալիեւը հայտարարում է Փաշինյանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին: Մյուս կողմից, Ադրբեջանի նախագահը չի կարող ազատվել առճակատման հռետորաբանությունից եւ հանդես է գալիս ուժի դիրքից։ Հարց է առաջանում՝ ընդհանրապես կկարողանա՞ դա անել Ադրբեջանը: Բացի այդ, հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումը, Ղարաբաղի այն հատվածին, որը չի անցել Բաքվի վերահսկողության տակ, հատուկ կարգավիճակ կտրվի: Դեռեւս դժվար է ասել, թե ինչ կարգավիճակ կտրվի»,-նշեց փորձագետը։