ՀՀ կենտրոնական բանկը 2021 թվականի հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դնում «Անկախ Պետությունների Համագործակցության 30-ամյակ» արծաթե հուշադրամը: Այս մասին հայտնում են ԿԲ-ից։

Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ) միջպետական միավորում է, որը հիմնադրվել է 1991 թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրի ստորագրմամբ: Համաձայնագրով հիմնվելով ժողովուրդների պատմական միասնության և նրանց միջև կապերի վրա, հաշվի առնելով պետությունների մտադրությունը՝ զարգացնելու իրենց հարաբերությունները պետական ինքնիշխանության փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա, կողմերը պայմանավորվեցին ԱՊՀ կազմավորման շուրջ:

Ներկայում ԱՊՀ անդամներն ինը պետություններ են, որոնց համատեղ գործունեության հիմնական ուղղություններն են տնտեսական ինտեգրումը, հումանիտար, քաղաքական, իրավական և անվտանգության մարմինների ոլորտային համագործակցությունը, միասնական տեղեկատվության հարթակի ձևավորումը:

ԱՊՀ-ն հիմնված է անդամ պետությունների ինքնիշխանության հավասարության սկզբունքների վրա և ծառայում է այդ երկրների միջև բարեկամության, բարիդրացիության, ազգամիջյան ներդաշնակության, վստահության, փոխըմբռնման և փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը:

Հուշադրամի տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը         1000 դրամ

Մետաղը/հարգը                արծաթ 9250

Քաշը                              33,6 գ

Տրամագիծը                     38,61 մմ

Որակը                             պրուֆ

Դրամաշուրթը                  ատամնավոր

Թողարկման քանակը        500 հատ

Թողարկման տարեթիվը    2021

Դիմերես՝ ՀՀ զինանշանը, խաղողի ողկույզ՝ ԱՊՀ անդամ պետությունների քանակը խորհրդանշող հատիկներով, հայկական զարդանախշ:

Դարձերես՝ ԱՊՀ պատկերանիշը:

Էսքիզների հեղինակներ` Էդուարդ Կուրղինյան (դիմերես), Լուսինե Լալայան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: